Գյումրին ունենալու է իր բնույթով եզակի Բարեկամության այգի
Գյումրին ունենալու է իր բնույթով եզակի Բարեկամության այգի: Սմարթ լուծումներ առաջարկող այգու ծրագիրն իրականացվում է IDeA հիմնադրամի կողմից:
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հուլիսին նախաձեռնեց Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթը: Մրցույթի առաջին փուլի արդյունքերով՝ ժյուրիի անդամներն ընտրել են եզրափակչի 20 մասնակցի: «Մասնակցությունն աննախադեպ էր՝ ստացվել էր 84 հայտ 16 երկրից: Եզրափակչի մասնակիցները կստանան տեխնիկական առաջարկներ: Երկրորդ փուլի արդյունքում կընտրվեն 3 ճարտարապետական՝ փոքր, ստանդարտ և յուրօրինակ տարրեր: Այգու նախագծի մշակման գործընթացն անիմաստ կլինի առանց տեղի բնակչության ներգրավվածության: Ինչպես փորձագիտական հանրության ներկայացուցիչները, այնպես էլ ակտիվ քաղաքացիները, ովքեր հետաքրքրված են քաղաքի զարգացմամբ, կարող են իրենց ներդրումն ու ազդեցությունն ունենալ այս նախագծի վրա»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց այգու համալիր զարգացման նախագծի ղեկավար, ճարտարապետ Մարդարիտա Ասիրյանը:
2020 թվականի հոկտեմբերին կհայտարարվեն հաղթողներն ու այգու վերջնական դիզայնի նախագիծը:
«Նորացված այգին կդառնա հանրապետության առաջին ժամանակակից և կանաչապատ տարածքը՝ մնալով նշանակալի վայր տեղի բնակիչների համար և գրավչության կետ զբոսաշրջիկների համար։ Սա նաև մի վայր է լինելու, որտեղ գյումրեցիներն իրենց շնորհակալություն են հայտնելու երկրաշարժի օրերին ձեռք մեկնած երկրներին, իսկ ամենակարևորը՝ լինելու է համայնքային սիրված վայր»,- նշում է հիմնադրամի գործառնությունների տնօրեն Ելենա Մուրադյանը՝ վստահեցնելով, որ դեռ մեկ ու կես տարի առաջ Գյումրի են բերվել իտալական կարուսել-ատրակցիոններ, որոնք տեղ կգտնեն այգում: «Դրանք ամենասիրվածն են լինելու: Հպարտությամբ կարող եմ ասել, որ նմանատիպ կարուսելներ շատ քաղաքներ չունեն: Ունենք գաղափար համալրելու այդ տասը կարուսելը ևս մի քանիսով: Հուսով ենք՝ այգին վերջնական տեսքով կունենանք 2022 թվականի ամռան վերջին»,-ավելացրեց Ելենա Մուրադյանը:
Այգին զբաղեցնում է 7 հեկտարից ավելի տարածք:

Քանի որ այգու նախագծումն իրականացվելու է քաղաքի բնակիչների ցանկությունն հաշվի առնելով, սեպտեբերի 6-ին, Գյումրիի տարբեր թաղամասերի բնակիչները Գյումրիի «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» նկարիչների հետ համատեղ հիշողություններից, լուսանկարներից և կոլաժներից կստեղծեն իրենց թաղամասի «հոգին»: Բնակիչները կկիսվեն իրենց թաղի պատմությունների, նաև Գյումրու տարբեր այգիների, մասնավորապես, Բարեկամության այգու հետ կապված հիշողություններով։ Այնուհետև կստեղծեն յուրաքանչյուր թաղամասի ինքնատիպությունն արտացոլող ցայտաղբյուրների էսքիզներ, որոնք հետագայում իրենց տեղը կգտնեն այգում:

Մինչ այդ հենց այգու տարածքում, ծրագրի ներկայացման շրջանակում, Գյումրու 7-13 տարեկան փոքրիկ բնակիչների համար անցկացվեց դիզայն-խաղ մանկական խաղահրապարակի մասնակցային նախագծման համար, իսկ 13-30 տարեկան ակտիվ քաղաքացիները մասնակցություն ունեցան մարզահրապարակի ստեղծման դիզայն-խաղին:



