հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տաղավարներ կլինեն. խոստանում են մանրավաճառներին տեղ տալ (լուսանկարներ)

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ տաղավարներ կլինեն. խոստանում են մանրավաճառներին տեղ տալ (լուսանկարներ)

Երևանի Տիգրան Մեծ փողոցում`Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջևում, շինարարություն է ընթանում. տաղավարներ են կառուցվելու։ Տեղի մանրավաճառներն անհանգստացած են, քանի որ մտածում են` դա կարող են պատճառ հանդիսանալ, որ իրենց հանեն այդ տարածքից, գրում է armeniasputnik.am-ը:

Տիկին Հայկուշն արդեն 15 տարի է, ինչ այդ տարածքում հուշանվերներ է վաճառում։ Ապրանքների (համրիչներ, խաչեր, զարդեր) մեծ մասը հենց ինքն է պատրաստում։

«Մանր–մունր բաներ եմ վաճառում, դրանցից ինչքա՞ն գումար պետք է վաստակեմ։ Օրվա հացի փող եմ աշխատում` 2000-3000 դրամ։ Չասեմ, որ տարվա 4 եղանակին դրսում եմ կանգնած։ Հիմա այստեղ տաղավարներ են կառուցում, և լսել ենք` հուշանվերներ են վաճառվելու։ Ես ի՞նչ եմ անելու»,–ասաց կինը` հավելելով, որ հույս ունի` տաղավարներից մեկում էլ իրեն են անվճար տեղ հատկացնելու։

Անկախությունից հետո այդ տարածքում հագուստ է վաճառում տիկին Ալլան։ Տարածքում բոլորը ճանաչում են նրան` տաքսու վարորդները, տարվա այս կամ այն սեզոնին այնտեղ միրգ վաճառողները։ Տիկին Ալլայի ամուսինն արցախյան առաջին պատերազմում է զոհվել։

«Հարցուփորձ եմ արել ու իմացել, որ տաղավարներում հուշանվերներ են վաճառելու։ Ես պատրաստ եմ փոխել ապրանքս` հուշանվերների վաճառքով զբաղվել, եթե ինձ էլ այնտեղ ինչ–որ տեղ հատկացնեն։ Մի քայլ տարածքում եմ ապրանքս դնում` բոլորին էլ պարզ է, թե ինչքան գումար եմ վաստակում»,–ասաց տիկին Ալլան։

Նա նշեց նաև` եթե իրեն տեղ չհատկացնեն, նշանակում է` այդ տարածքից պետք է հանեն։ Այդ դեպքում կինը չգիտի` ընտանիքն ինչպես է պահելու։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` Տիգրան Մեծ պողոտայի նշված հողամասը 5 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով աճուրդով տրամադրվել է «Միրաժ 2020» ՍՊԸ–ին։ Այնտեղ այդ ընկերությունը պետք է տաղավարներ տեղադրի հուշանվերների վաճառքի համար։
 
«Նշված տարածքում տարիներ շարունակ մայթին առևտրականները հուշանվերներ էին վաճառում, իսկ հիմա տարածքը կբարեկարգվի։ Ավելին, այդ տաղավարների 30 տոկոսը կտրամադրվի տեղի մանրավաճառներին (10 տաղավար է կառուցվում,–խմբ.)։ Այդ տարածքում 30 մլն դրամ կներդրվի և պետք է բարեկարգվի այդտեղ գտնվող կանգառը, զուգարանը կարգի բերվի»,–ասաց Կուբատյանը։
 

Բացի այդ, մրցույթի պայմանն է եղել, որ հաղթողը 60 000 դոլար պետք է ներդնի քաղաքի բարեկարգման համար` կա՛մ օղակաձև զբոսայգու հատվածում, կա՛մ էլ` համայնքի նշած այլ վայրի։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը հավելեց նաև, որ այդ տարածքում մայթը բավականին լայն է, և անցուդարձին տաղավարների գոյությունը չի խանգարելու։
 

  • Կիսվել: