Գեղարքունիքի մարզպետի ասուլիսի շրջանակներում տեղում ներկայացվեցին ճանապարհաշինական աշխատանքները
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզային եւ հանրապետական ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ ամփոփեց իր աշխատանքային գործունեության վերջին 12 ամիսները։
Մինչ ասուլիսի մեկնարկը՝ մարզպետը եւ ԶԼՄ ներկայացուցիչներն այցելեցին Շողակաթ-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի շինհրապարակ։ Ինչպես ներկայացրեց մարզպետ Գնել Սանոսյանը, հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 20,9 կիլոմետր է: Երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման մակերեսը կազմում է 142 հազար 200 քառակուսի մետր, եւ եւս 4259 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում կիրականացվի մուտքերում եւ իջատեղերում: Կվերանորոգվեն նաեւ կամուրջները եւ անցումները, կիրականացվեն ճանապարհի կահավորման աշխատանքներ: Հիմնանորոգման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 1 միլիարդ 995 միլիոն 500 հազար դրամ:
«Այս ճանապարհի հիմնանորոգման համար հայտարարված մրցույթի արժեքը կազմում էր 2 միլիարդ 727 միլիոն դրամ, իսկ շինարարական կազմակերպությունը մրցույթը շահել է 1 միլիարդ 995,5 միլիոն դրամով։ Ասել է, թե միայն այս մրցույթի արդյունքում պետությունը տնտեսել է 732 միլիոն դրամ։ Իսկ տնտեսված գումարներն ուղղվում են սոցիալ-տնտեսական տարաբնույթ ծրագրերի իրականացմանը։Շինարարական աշխատանքների ավարտից հետո, որը նախատեսված է մինչեւ այս տարվա վերջերը, ամբողջանում է Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս միջպետական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որով էլ լուծվում է տնտեսական եւ ռազմավարական նշանակության կարեւորագույն հիմնախնդիրը, որը լուծում չէր ստացել անգամ ԽՍՀՄ ժամանակներում: Այս ճանապարհի հիմնանորոգմամբ նոր զարկ է տրվում գյուղատնտեսության, տուրիզմի, այլ ոլորտների զարգացմանը»,- նշեց մարզպետը:
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲ պրոյեկտ» կազմակերպությունը: Աշխատանքային խումբը հերթական կանգառը կատարեց Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի մի հատվածում, որտեղ, դարձյալ պետական միջոցների հաշվին, իրականացվում է Սեւանա լճի ջրի բարձրացման հետևանքով առաջացած փլվածքի վերականգնում: Այն վերականգնվում է գաբիոնային շարվածքով, 730 գծամետր երկարությամբ եւ 3 մետր բարձրությամբ, գրում է armenpress.am-ը: