շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի նախկին ռեկտորի վերաբերյալ նոր փաստեր են ի հայտ գալիս, վերջինս հերքում է դրանք  

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի նախկին ռեկտորի վերաբերյալ նոր փաստեր են ի հայտ գալիս, վերջինս հերքում է դրանք  

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի անձի և պաշտոնավարման վերաբերյալ InfoPort.am-ի խմբագրության տրամադրության տակ են հայտնվել նոր տվյալներ։

Ըստ այդմ՝ պարզվում է, որ պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթի մեջ կեղծ տեղեկություններ ավելացնելը, ինչի վերաբերյալ արդեն իսկ հարուցվել է քրգործ, միակ փաստը չէ։ Ըստ խմբագրությանը տրամադրված փաստերի, օրինակ,    նախկին ռեկտորը հայկական բուհերի ռեկտորներից ամենաթանկարժեք՝ 25 մլն դրամանոց ծառայողական մեքենա ունեցողն է։

Այս փաստը Խիթարյանը  InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում, ըստ էության չհերքեց, նշելով ուղղակի, որ մեքենան, «իր հիշելով», արժեցել է ոչ թե 25 այլ 23,9 մլն դրամ։ «Մեքենան գնվել է բոլոր օրինական ընթացակարգերը պահպանելով, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և ծառայել է ոչ միայն ինձ, այլև ամբողջ ԲՈՒՀ-ին»,- հավաստեց Խիթարյանը։ Նա նաև նշեց, որ մեքենայի արժեքը պայմանավորված է նրանով, որ պետական համակարգում մեքենա գնելու պարտադիր նախապայման կա՝ դրանք պետք է լինեն առաջնային շուկայից, որտեղ գները էականորեն երկրորդական շուկայի գներից բարձր են։ 

Մեր տրամադրության տակ հայտնված մեկ այլ փաստի՝ նրա կողմից պաշտոնավարման ընթացքում Երևանում երկու թանկարժեք բնակարան գնելու առնչությամբ էլ նախկին ռեկտորը պարզաբանեց․ «Երկուսը չեն, մեկն է՝ գնել եմ եկամտահարկի վերադարձի ծրագրի շրջանակում»։          

Ինչ վերաբերվում է այն փաստին, որ Խիթարյանը, չարաշահելով պաշտոնական դիրքն, իր ղեկավարած ինստիտուտում որպես Կարիերայի բաժնի ղեկավար աշխատանքի է ընդունել որդուն՝ Գևորգ Խիթարյանին և այդ հաստիքի վերաբերյալ հայտարարությունը տարածվել է միայն ինստիտուտի կայքում՝ տեղ չգտնելով սոցցանցերում և աշխատանքի տեղավորման ոլորտում մասնագիտացված կայքերում, նախկին ռեկտորը հավաստեց, որ այս դեպքում էլ պահպանվել են բոլոր ընթացակարգերը․ «Հայտարարվել է մրցույթ, որում հաղթել է իմ որդին»։  

Նշենք, որ ըստ դատախազության հաղորդագրության՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը լինելով պաշտոնատար անձ, պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթի մեջ ավելացրել է կեղծ տեղեկություններ։

 «Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ.Խ-ն, զբաղեցնելով պետության կողմից ստեղծված՝ հիմնադրված «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի ռեկտորի պաշտոնը, հանդիսանալով պետության կողմից ստեղծված՝ հիմնադրված ինստիտուտի անունից հանդես գալու լիազորություն ունեցող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք, այն է՝ 2022թ. փետրվարի 2-ին պաշտոնական շրջանառության ենթակա փաստաթղթի՝ իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող նյութական կրիչի մեջ մտցրել է Արմեն Վազգենյանի կողմից 2006 թվականին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (ներկայիս՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամ) ընդունվելու եւ իբրեւ 2010 թվականին «Ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ» մասնագիտությամբ ավարտելու, նրան «Ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի, շախմատի մարզչի» բակալավրի աստիճան շնորհված լինելու, ինչպես նաեւ, տեխնիկական պատճառներից ելնելով, դիպլոմը 2022 թվականի հունիսին հանձնման ենթակա լինելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ եւ այն տրամադրել Արմեն Վազգենյանին այն պայմաններում, երբ վերջինս հիշյալ ինստիտուտն ավարտած չի եղել եւ տեղեկանքը տրամադրելու պահին ունեցել է չհանձնված պետական քննություն:

Հանցանքի կատարումը վկայող փաստերի հիման վրա՝ հսկող դատախազի կողմից 2023թ. մայիսի 2-ին որոշում է կայացվել Դավիթ Խիթարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Նույն օրը որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին՝ մեղադրանքը Դ. Խիթարյանին ներկայացնելու համար, միաժամանակ հանձնարարվել է նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: