Եթե տեսնենք, որ մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքների, կդիմենք ամենակոշտ ռեժիմին. Ավինյան
Դեռևս պլանները չեն փոխում, քանի որ կորոնավիրուսով վարակվածների շրջանակը կոնկրետ է: Այս մասին գործադիրի նիստում ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանըէ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե արդյոք կորոնավիրուսի վարակվածության դեպքերի ավելացմամբ պայմանավորված փոխում են իրենց պլանները։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 134 դեպք:
«Ունեցել ենք հիվանդանոցում լուրջ խնդիր և այդտեղ էլ շրջանակը քիչ թե շատ կոնկրետ է: Այնուամենայնիվ, դինամիկայից կախված՝ մեր որոշումները կարող են փոփոխվել, դեռևս, կարծում եմ, որ նման փոփոխությունների կարիք չկա»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, մայիսի 4-ից տնտեսական գործունեության էական ոլորտներ պարտադիր կանոնների պահպանմամբ բացվելու են, կրթական համակարգը փակ է լինելու, դեռևս էական սահմանափակումներ են գործելու մշակույթի, զվարճանքի ոլորտներում:
Վարչապետ նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընտանիքով երեկ դուրս է եկել քայլելու և փողոցում ահագին մարդ նկատել։
«Շատ դժվար է լինելու, մենք մի քանի պարտադիր պայման ենք ասում վարակից խուսափելու համար, բայց ակնհայտորեն այդ պայմանները չեն պահվում և, եթե չկարողանանք մեր քաղաքացիների վարքագծային կանոնների մասին ոչ միայն իրազեկել, այլ քաջալերել և հասնել նրան, որ դրանք պահվեն, մենք իրականում խնդիրներ ենք ունենալու», - ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ երեկ նաև նկատել է խմբերով կանգնած մարդկանց, եթե այդտեղ մի վարակված լիներ, ակնհայտորեն, այդ 10-15 հոգին վարակվելու էին:
«Մենք հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ ակնհայտ է, որ մինչև առնվազն հաջորդ տարվա մարտ-ապրիլ մենք ունենալու ենք դեպքեր: Հետևաբար, չենք կարող մեկ տարի ուղղակի փակված ռեժիմով ապրել: Որ միայն մենք, այլև ամբողջ աշխարհում է այդպես։ Աշխարհի երկրներում տեղի են ունենում մեղմացումներ՝ չնայած կորոնավիրուսը առկա է: Մեզ անհրաժեշտ է մեծահասակների, միջին տարիքի մարդկանց վարքագծային նոր կանոնների հաստատում, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել, որովհետև փակված հնարավոր չէ շարունակել»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Տիգրան Ավինյանն էլ նկատեց, որ բոլոր միջոցառումների հիմնական նպատակն առողջապահական համակարգի կարողությունները պատշաճ մակարդակի հասցնելն էր. «Կարծում եմ, որ այդ խնդիրը լուծված է, գոնե՝ այս փուլում»։
«Մեկ կարևոր արձանագրում. Եթե մենք տեսնենք, որ մեղմացումների քաղաքականությունը բերում է վտանգավոր հետևանքների և առողջապահական համակարգը կարող է չհասցնել սպասարկել հիվանդներին, միանշանակ կվերադառնանք ամենակոշտ ռեժիմին: Դրա համար կարևոր է խոստորեն պահպանել կանոնները, որոնք հաստատվում են: Դա վերաբերում է առաջին հերթին տնտեսվարողներին, որոնց շահերից է դա բխում: Եթե որևէ տնտեսվարողի մոտ վարակ եղավ, նրա գործունեությունը դադարեցվելու է: Պետք չէ լինել անվախ, պետք է լինել զգուշավոր, պահպանել կանոնները, որպեսզի ստիպված չվերադառնան հին ռեժիմին»,- նշեց Ավինյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ այս ընթացքում բժշկական հսկողության տակ են պահել նաև մարդկանց, ովքեր չեն բուժվում, ջերմություն չեն ունեցել, թոքաբորբ չունեն. «Մենք պահել ենք, որպեսզի կանխարգելենք այլոց վարակելը: Նոր պայմաններում քաղաքականությունը պետք է լինի այն, որ բուժհաստատություններում պետք է լինեն նրանք, ովքեր ունեն բժշկական օգնության կարիք»:
Ըստ նրա, այստեղ մեծ բան է կախված արդեն նրանցից, ովքեր վարակված կլինեն, բայց պարտավոր կլինեն պահպանել կանոնները. «Մենք նոր քաղաքականության պայմաններում կարողանալու ենք սպասարկել 1500 ծանր դեպք՝ կախված նրանից, թե նրանցից քանիսը թոքերը արհեստական սարքերի կարիք կունենան»:


