Եթե մեքենայի չվկայագրված գազաբալոնը լիցքավորվի, ապա գազալցակայանը կտուգանվի առաջին անգամ 200 հազար դրամի չափով, երկրորդ անգամ՝ ավելի շատ
Եթե մեքենայի չվկայագրված գազաբալոնը լիցքավորվի, ապա գազալցակայանը կտուգանվի առաջին անգամ 200 հազար դրամի չափով, երկրորդ անգամ՝ ավելի շատ: Իսկ ահա ավտոմեքենայի վարորդը չի տուգանվի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՏԿԵ նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության լիցենզավորման եւ թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը:
Նշենք,որ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող որոշմամբ տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնները տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից։
«Այն վարորդները, որոնք չեն իրականացրել իրենց ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոնների վկայագրման գործընթացը, պետք է մոտենան լիցենզավորված կայաններ: Այդ կայանների ցանկը եւ հասցեները տեղադրված է մեր նախարարության կայքում: Դրանց թիվը 23 է:
Վկայագրման այդ տվյալները մուտքագրվելու են էլեկտրոնային շտեմարան: Այս պահին էլեկտրոնային շտեմարանը պատրաստ է, կայանների մեծ մասը միացված են էլեկտրոնային շտեմարանին: Որոշ կայաններ արդեն իրականացնում են վկայագրման գործընթացը եւ տվյալները տեղադրում են շտեմարանում: Այդուհանդերձ, սկզբնական շրջանում լավ կլինի, որ վարորդներն իրենց ձեռքին ունենան վկայագրման թղթային տարբերակը՝ գաալցակայաններում բալոնը լիցքավորելու համար: Գազալցակայանները շուտով կմիացվեն շտեմարանին եւ իրենք եւս հնարավորություն կունենան ստուգելու՝ տվյալ մեքենայի վրա տեղադրված գազաբալոնը վկայագրված է, թե ոչ: Իրենք մեքենայի համարանիշները մուտքագրելով կարողանալու են տեսնել՝ այդ մեքենայի գազաբալոնը վկայագրված է, թե ոչ»,-ասաց Սողոմնյանը՝ հավելելով, որ հիմնականում գազաբալոնները վկայագրվում են երկու տարով:
Նա ընդգծեց, որ պետք է վկայգրվեն բոլոր գազաբալոնները, թե սեղմված գազով, թե հեղուկ գազով լիցքավորվածները: