Եթե Մխչյանի դպրոցի ղեկավարությունը տեղեկացված է եղել, կհեռացվի աշխատանքից. նախարար
Եթե Արարատի մարզի Մխչյան համայնքի դպրոցի ղեկավարությունը տեղեկացված է եղել թմրանյութերի մասին ու պատշաճ քայլեր չի ձեռնարկել, բոլոր անձինք, որոնք տեղեկացված եղել են, պետք է հեռացվեն աշխատանքից։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ ԶԼՄ-ների՝ Մխչյանի դպրոցում բարձր դասարանցիները 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ են տվել և կախվածության մեջ գցել՝ հանցագործության դրդելով։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
«Եթե Մխչյանի դպրոցի ղեկավարությունն այդ մասին տեղեկացված եղել է ու պատշաճ քայլեր չի ձեռնարկել, պետք է հեռացվեն աշխատանքից։ Սա իմ միանշանակ դիրքորոշումն է, ես դա չեմ պատրաստվում քննարկել, ու այդ դիրքորոշումը ես փոխանցել եմ մարզպետին»,– ընդգծեց ԿԳՄՍ նախարարը։
Նրա խոսքով` այս պահին քննություն է գնում, և ինքը հույս ունի, որ քննության ավարտից հետո կունենան բոլոր հարցերի պատասխանները կոնկրետ դրվագի հետ կապված։
«Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է, ես այլ բառեր ուղղակի չունեմ։ Կարծում եմ` նմանատիպ իրավիճակներն անթույլատրելի են, և այստեղ ոչ միայն իրավապահների աշխատանքն է, այլև մենք մեր հերթին պետք է հասկանանք, թե դպրոցն իր հերթին ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ և ինչքանով, որ օղակն է իր տեղում եղել ու ճիշտ արձագանքել, քանի որ նման դեպքերը տեղի չեն ունենում մեկ օրում կամ պարզապես, այլ որոշակի նշաններ երևում են, անհանգստացնող ազդակներ են լինում»,– նշեց նա։
Անդրեասյանն այն համոզմանն է, որ եթե լինի բավարար զգայնություն ու արձագանք ընտանիքներից, դպրոցից, միջավայրից, ապա այսպիսի դեպքերը չեն կարող նման սրացում ունենալ, խորանալ ու կարող են շատ ավելի վաղ կանխվել։
Նա վստահեցրեց, որ թմրանյութերի տարածման հարցում նախարարության անելիքն այն է, որ կրթական հաստատություններում պետք է իրազեկում անեն, որպեսզի երեխաները տեղեկացված լինեն թմրանյութերի հետ կապված վնասակար սովորությունների ու հետևանքների մասին, վտանգներից, թե որ իրավիճակում ով ինչ կարող է իրենց առաջարկել, թե իրենք ինչպես կարող են արձագանքել, ինչպես նաև ում կարող են դիմել ու աջակցություն ստանալ։
«Մենք դպրոցներում ունենք, այո, անվտանգության ստանդարտի ապահովման խնդիր. մենք նպատակ ունենք կարգավորելու դպրոցներում ելումուտը, քանի որ հատկապես ավագ դպրոցներում, որտեղ դեռահաս երեխաներն են, ունենք ավելի լուրջ ռիսկեր. այստեղ մեզ անհանգստացնում են ոչ միայն թմրանյութերն, այլև դանակի գործադրմամբ կամ այլ միջոցներով միջադեպերը»,– նշեց նախարարը։
Ըստ նրա` այն, ինչ տեղի է ունեցել Մխչյանի դպրոցում, այլևս չպետք է կրկնվի, ու նախարարությունն ամեն ինչ պետք է անի, որ դա այլևս չկրկնվի։