Եթե ՀՀ-ում կորոնավիրուսով դեպք հայտնաբերվի, գիտենք, թե ինչպես ենք արձագանքելու. Ավինյան
Այսօր Շանթի եթերում փոխվարչապետն Տիգրան Ավինյանն ասաց, որ կորոնավիրուսով վարակված անձինք այս պահի դրությամբ Հայաստանում չեն հայտնաբերվել:
Նա, մասնավորապես, նշեց. «Ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ կորոնավիրուսի բարձր կետն անցել է, և գնում է դեպի նվազում, որովհետև հիմնական էպիկենտրոնը Չինաստանն է եղել, և այնտեղ արդեն օրեցօր նոր գրանցված հիվանդության դեպքերն ավելի նվազ են: Բայց, ցավոք սրտի, տարածվել է նաև այլ երկրներում՝ Իրանում, Իտալիայում, Հարավային Կորեայում, և այդ դեպքերը Չինաստանի համեմատ փոքրաքանակ են, բայց, իհարկե, դրանց հետ կապված որոշ մտահոգություններ կան»:
Նշենք, որ ստեղծվել է Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում է Ավինյանը: Նրա խոսքով՝ թեև հանձնաժողովը գործում է հունվարի 30-ից, բայց դեռևս հունվարի 24-ից ՀՀ անցակետերում ուժեղացված հսկողություն է սահմանվել. «Ստուգում էինք՝ արդյո՞ք քաղաքացիների մոտ կորոնավիրուսի ախտանշաններ կան, արդյո՞ք ունեն ջերմություն, և բոլոր կասկածելի դեպքերում անձինք համապատասխան ստուգումներ էին անցնում»,-նշել է Ավինյանը:
Փոխվարչապետն անդրադարձավ այն հարցին, թե ՀՀ-ն ունի՞ հիվանդությունը լոկալացնելու հնարավորություն, որ այն հայտնաբերվելու դեպքում անգամ չտարածվի:
«Ես կարծում եմ, բացի այն, որ մենք ունենք այդ հնարավորությունները, նաև մեր և՛ Առողջապահության նախարարության, և՛ Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի գործողությունները եղել են բավականին տրամաբանական և ադեկվատ, և բավականին խիստ հսկողություն է սահմանվել՝ նույնիսկ շատ զարգացած երկրների համեմատ: Նույնիսկ, եթե կորոնավիրուսով դեպք հայտնաբերվի Հայաստանում, մենք արդեն իսկ ունենք հստակ ծրագիր, թե ինչպես ենք դրան արձագանքելու: Ես կարծում եմ, որ ընդհանուր պետական, առողջապահական համակարգը պատրաստված է»,-նեց նա:
Ավինյանը խոսեց նաև այն մասին, թե ի՞նչ է նշանակում, որ հարևան Իրանի հետ սահմանը փակ է մարդկանց համար, բայց բաց է բեռների համար: Նա պարզաբանեց, որ բեռնափոխադրողների համար սահմանափակումներ չկան և՛ ներմուծման, և՛ արտահանման, և՛ տրանզիտի համար. «Փաստացի, սահմանային կետում մենք ունենք Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի գործող անձնակազմը, որը համապատասխան ստուգումներ է իրականացնում, լրացնում է համապատասխան քարտեր: Բոլոր այն անձինք, որոնք եղել են այն երկրներում, որտեղ կորոնավիրուս կա, ունեն անձնական քարտեր: Ֆիքսում ենք՝ որտեղ են բնակվելու, որովհետև վիրուսն ունի մոտավորապես 14 օր տևող ինկուբացիոն շրջան, և այդ անձանց հետ տարածքային պոլիկլինիկան ամենօրյա կապի մեջ է լինում՝ հասկանալու համար՝ արդյո՞ք կան նոր ախտանշաններ: Այս փուլում դեռևս որևէ նմանատիպ արձանագրում չունենք: Ունեցել ենք կասկածելի դեպքեր, բոլորը հերքվել են»:
Հարցին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարակա՞ն է՝ փակել սահմանը, թե՞ յուրաքանչյուր կառավարություն ինքն է որոշում կայացնում, Ավինյանը պատասխանել է, որ ամեն կառավարություն իր որոշումն է կայացնում, և մոտեցումները շատ տարբեր են: «Կարծում եմ՝ մեր գործարկած միջոցառումները փաստարկված և տրամաբանված էին, որովհետև Իրանում մահերի քանակը, դինամիկան, նաև ԻԻՀ-ում տեղի ունեցած համապետական ընտրությունները հաշվի առնելով՝ ուղևորահոսքը հնարավորինս նվազեցնելը, կարծում եմ, կրիտիկական խնդիր էր»,-ասել է նա՝ ընդգծելով նաև, որ բեռների միջոցով կորոնավիրուսը չի կարող փոխանցվել, և փոխանցման հիմնական միջոցը օդակաթիլային ճանապարհն է՝ մարդուց մարդուն:
Ինչ վերաբերում է րաստանի սահմանը փակելու հավանականությանը՝ Ավինյանն ասաց, թե բոլոր հնարավոր դեպքերը գնահատվում են ըստ իրողության: «Առհասարակ, մի փուլ կարող է գալ, որ ընդհանարապես իմաստ չունենա այս սահմանների փակումը: Այնուամենայնիվ, եթե վիրուսը հայտնաբերվի ՀՀ տարածքում, ես համոզված եմ, որ մենք ունենք ամբողջական գործիքակազմ, որ պայքարենք վիրուսի հետ մեր տարածքում»:


