հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Եթե հարցին լուծում չտրվի, ավտոբուսներով կգնանք Բագրատաշեն. ՌԴ մեկնել ցանկացողներ

Եթե հարցին լուծում չտրվի, ավտոբուսներով կգնանք Բագրատաշեն. ՌԴ մեկնել ցանկացողներ

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիների եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումն ավարտվեց, սակայն, ըստ քաղաքացիների, իրենց հարցերին այդպես էլ հստակ պատասխան չտրվեց

Այդ մասին նրանք նշեցին հանդիպումից հետո լրագրողների հետ կայացած զրույցում՝ ասելով, որ դժգոհ են հանդիպման արդյունքներից։

Քաղաքացիներից մեկն ասաց, որ ոչ մի ռեալ խոսակցություն չկար, ուղղակի բանակցություններ էին ընթանում, հստակ պատասխան չկա։

՛՛Մենք ասացինք՝ բացառության կարգով այսքան քաղաքացիներին ուղարկեք, կտրուկ ասացին՝ Վրաստանի ցամաքային տարածքը փակ է։

Ովքեր որ մնալու տեղ չունեն, ասացին, որ առավոտյան անուն-ազգանունները տանք իրենց, որպեսզի կացարանով ապահովեն։ Այսինքն՝ եթե իրենք մեզ կացարանով են ապահովում, ուրեմն այս գործընթացը դեռ շարունակվում է։ Մեզ պատասխանները չբավարարեցին։ Հստակ պատասխաններ չենք ստացել, ամեն ինչին ասում էին՝ չգիտենք, բանակցվում է։ Ինչպե՞ս են երկու երկրները բանակցում, որ մենք չենք տեսնում՛՛,-նշեց նա:

Մեկ այլ քաղաքացի էլ հավելեց, որ պատգամավորներն իրենց ասել են, թե չորեքշաբթի օրը ԱԺ նիստում բարձրաձայնելու են այդ հարցը:

՛՛Եթե մեր հարցին լուծում չտրվի չորեքշաբթի օրը, ապա մենք ավտոբուսներով ուղեւորվում ենք դեպի Բագրատաշեն՛՛,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցներն արդեն վեց ամիս է՝ չեն կարողանում մեկնել ՌԴ՝ փակ սահմանների պատճառով:

  • Կիսվել: