ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երկրաշարժի վերաբերյալ իրազեկման միջոցառում դպրոցականների մասնակցությամբ

Երկրաշարժի վերաբերյալ իրազեկման միջոցառում դպրոցականների մասնակցությամբ

Գառնու երկրաֆիզիկական դիտարանի 60 մետր խորության վրա գտնվող հատուկ թունելախորշում, որտեղ ամբողջ տարվա ընթացքում պահպանվում է կայուն 18 աստիճանը, գտնվում է տարածաշրջանում եզակի երկբաղադրիչ կվարցային դեֆորմոգրաֆը, որը ֆիքսում է երկրակեղևի շարժը` որպես հնարավոր երկրաշարժի ազդակ:

Սեյսմիկ ակտիվությանը հետևող դիտարանն այցելուների վերջին կանգառն է՝ երկրաշարժերի ծագմանը, կանխատեսման հնարավորություններին, դրանցից պաշտպանվելու կանոններին տեսականորեն ծանոթանալուց հետո:

Ըստ հետազոտությունների, երկրաշարժի վտանգը հանրապետությունում կազմում է բնական աղետների ընդհանուր վտանգի մոտ 90 %-ը:

Թերևս սա է պատճառը, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո որդեգրվել է իրազեկման նոր քաղաքականություն։

Բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարիներ շարունակ ԱԻ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմակերպած պարապմունքներին մասնակցում են հասարակության ամենատարբեր խմբեր՝ դպրոցականներից մինչև պետական ծառայողներ:

Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրի աշակերտներին ևս սահմանված ծրագրով ներկայացվել է երկրաշարժերի պատմությունը, սեյսմոլոգների կողմից իրականացվող աշխատանքների կարևորությունը և երկրաշարժերի ժամանակ պաշտպանվելու գլխավոր կանոնները:

  • Կիսվել: