Երևանի փոխքաղաքապետի թեկնածուն պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է
Երևանի փոխքաղաքապետի թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով, առաջիկա ավագանու նիստի ժամանակ փոխքաղաքապետի հարցը քննարկվելու է, և մամուլում արդեն շրջանառվել էր թեկնածուի անունը:
«Չգիտեմ, թե ինչ մասնագիտական ունակություններ ունի։ Քաղաքային ոլորտը բավականին բարդ է, ես զարմանում եմ, որ խմբակցության ներսից մարդ չհատկացրին, որովհետև իրենց խմբակցության ներսում կային մարդիկ, որոնք ակտիվ ավագանու անդամներ էին, հարցազրույցներ էին տալիս, խոսացող ավագանու անդամներ էին և նրանց տարան շատ ավելի ցածր պաշտոնների, հանեցին ավագանուց: Ես պատկերացնում էի, որ հաջորդ փոխքաղաքապետը գոնե պետք է ավագանու անդամ լիներ, որը ոլորտը երկու տարի վիզուալ պատկերացնում էր»,- ասաց Դավիթ Խաժակյանը։


