Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակներում և աղբամուղներում կատարվում է ախտահանում
Պարետատան ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հիմնարկների միջոցով բազմաբնակարան շենքերում կատարվում է ախտահանում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը։
Նա, մասնավորապես, ասաց. «Պարետատան ցուցումով և Երևանի քաղաքապետարանի հիմնարկների միջոցով կատարվում են բացատրական աշխատանքներ բազմաբնակարան շենքերի համատիրությունների հետ։ Վերահսկվում է ողջ իրավիճակը համատիրությունների միջոցով, վարչական շրջանի աշխատակազմի միջոցով կատարվում են ախտահանումներ բազմաբնակարան շենքերում, վերելակներում»,- ասաց Հարությունյանը։
Հարությունյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել նաև աղբահանության ոլորտը կոորդինացնող և ղեկավարող մարդկանց հետ։
Այս առնչությամբ նա նշեց. «Ինձ տեղեկացրին, որ մաքրվում են նաև բազմաբնակարան շենքերի աղբամուղները, բունկերների հանդեպ կա հատուկ ուշադրություն։ Այն, ինչ հնարավոր է անել, ամեն ինչ արվում է և մեր ուշադրության կենտրոնում է։ Ամենօրյա ռեժիմով վարչական շրջանի ղեկավարները և համապատասխան մարմինները հսկում են այդ գործընթացը»:


