Երևան-Երասխ ճանապարհին վթարի հետևանքով տուժածներից մեկը հայտնի երգիչ է
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 10-ին, Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների, վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Խաչատուր Ստեփանյանը, իսկ Hyundai Sonata-ն վարել է Երևանի բնակիչ՝ 29-ամյա Սուրեն Խաչատրյանը։
2 վարորդներն ու Ս. Խաչատրյանի ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Նելլի Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ս. Խաչատրյանը հանրությանը հայտնի է իր հայրենասիրական ժողովրդական երգերով և ավելի շատ ճանաչված է որպես երգիչ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ ապրիլի 10-ին, հերթական խոշոր ավտովթարն էր տեղի ունեցել Արարատի մարզում:
Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ ժողովրդի կողմից արդեն հայտնի դարձած՝ «վթարի վայրը փոխել չի կարելի» հատվածում բախվել էին 29-ամյա Սուրեն Խ.-ի վարած Hyundai մակնիշի 05 ՏR 055 համարանիշի և 62-ամյա Խաչատուր Ս.-ի վարած Mercedes մակնիշի 35 ZZ 835 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Hyundai-ի վարորդին և ուղևորին ավտոմեքենայից դուրս էին բերել քաղաքացիները, և նրանց առաջինը օգնության էին հասել ՀՀ ՊՆ N զորամասի ծառայողները: Իսկ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, որից հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները, փակել Mercedes-ի գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով, երբ Hyundai-ը բախվել էր երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում, վարորդի ոտքերի թաթային հատվածը կտրվել էր և այդ հատվածը շտապօգնության ավտոմեքենայով շտապ տեղափոխել էին հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վիրավորներից երկուսին հիվանդանոց էր ուղեկցել վաշտի հրամանատար Գ. Պողոսյանը: Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատախանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ամբողջական տվյալները։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վերջին տարիներին նշված հատվածում հաճախակի են դարձել ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում՝ մահվան ելքով և պատճառը ճանապարհի թերի կառուցումն է ու եթե Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում և Հայավտոճանը հետևություններ չանեն՝ նշված հատվածում վթարները չեն դադարի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


