երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Էրեբունի» ԲԿ-ի սանհանգույցում թմրանյութերով պոլիէթիլենային փաթեթ են հայտնաբերել

«Էրեբունի» ԲԿ-ի սանհանգույցում թմրանյութերով պոլիէթիլենային փաթեթ են հայտնաբերել

«Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Է. Ս.-ն հունվարի 10-ին, ժամը 00:20-ի սահմաններում ցանկացել է օգտվել հիվանդանոցի սանհանգույցից: ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացված զննությամբ աղբամանի տակից հայտնաբերվել է պոլիէթիլենային  փաթեթ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին: Ժամանած օպերատիվ-հետախուզական խմբի կողմից վերոնշյալ փաթեթի զննությամբ հայտնաբերվել են մարիխուանա թմրամիջոցին նմանվող 6,16 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, "Ципрофлоксацин" մակնշմամբ սրվակի մեջ լցված, հաշիշի յուղին նմանվող հեղուկ և ակնադիտորեն ֆենտանիլ հանդիսացող սինթետիկ թմրամիջոցով ներծծված մաշկային կպչուն ժապավեն, որը բժշկության մեջ կիրառվում է որպես հզոր ցավազրկող դեղամիջոց օնկոլոգիայով հիվանդների համար:
 
Ի դեպ, նշված թմրամիջոցը մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն է ներկրվում հիմնականում ԱՄՆ-ից, սև շուկայում է հայտնվել վերջին շրջանում և թմրամոլների կողմից օգտագործվում է վերոնշյալ ժապավենը մաշկին ամրացնելու եղանակով: 
 

Նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածների բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

  • Կիսվել: