հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ԵՄ 5 երկրների հետ ևս Հայաստանը կհամաձայնեցնի անօրինական միգրանտների հետընդունման հարցերը

ԵՄ 5 երկրների հետ ևս Հայաստանը կհամաձայնեցնի անօրինական միգրանտների հետընդունման հարցերը

Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց  ՀՀ Կառավարության, Բուլղարիայի Կառավարության, Բենիլյուքսի երկրների և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին որոշումները:

Մինչ այդ համաձանագիրը վավերացվել էր Ֆրանսիայի, Էստոնիայի և Չեխիայի հետ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացնելով նախագիծն ասաց, որ արձանագրությունների նպատակն է կողմերի միջև հարաբերությունների շրջանակում դյուրացնել ռեադմիսիայի համաձայնագրի իրականացումը։

Ըստ նրա, արձանագրություննները  նախատեսում են մանրամասն կանոններ ՀՀ–ի, Բուլղարիայի, Բենիլուքսի երկրների և Գերմանիայի միջև: Մասնավորապես, սահմանվում են կողմերի իրավասու մարմինների հետընդունման և տարանցման դիմումների ձևերը, երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման առերևույթ ապացույցի լրացուցիչ փաստաթղթերը և այլն:

Արմեն Ղազարյանը նշեց, որ հետընդունման ոլորտում ՀՀ քաղաքականությունը միտված է ԵՄ անդամ երկրների հետ միգրացիայի ոլորտում համագործակցության ծառայությունների սերտացմանը, խիստ կարևորվում է անօրինական միգրացիայի դեմ պայքարը և վավերացումը դրական ազդեցություն կունենա այդ համագործակցության խորացման վրա:

Նա նաև ասաց, որ արձանագրություններն ուժի մեջ կմտնեն կմտնեն ՀՀ-ԵՄ համատեղ հարցերով կոմիտեին՝ կողմերի անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտման մասին ծանուցելուց հետո երկրորդ ամսվա առաջին օրը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը հետաքրքրվեց, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն է ունեցել այս գործընթացներում։

Արմեն Ղազարյանը նշեց, որ համավարակի պիկի ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել եվրոպական երկրների հետ, հիմա ազդակներ են ստանում, որ եվրոպական երկրների կողմից ցանկություն կա, որ կազմակերպվեն չարտերային չվերթներ.

«Այս ընթացքում մեկ կամ երկու չարտերային չվերթ է տեղի ունեցել մեկը Ավստրիայից, շատ քիչ քանակությամբ հետընդունում են իրականացրել, վերադարձը հարկադիր չէր, այլ կամավոր էր»:

Միգրացիոն ծառայության պետը նաև ասաց, որ 2020 թվականին առաջին անգամ Կառավարությունը հաստատել է պետական ծրագիր օժանդակելու համար հարկադիր վերադարձող քաղաքացիներին:

 «Մենք հաստատել ենք ծրագիր, որով օժանդակում ենք հարկադիր վերադարձած և կեցության վայր չունեցած քաղաքացիներին, նրանց տրամադրում  ենք բնակարանի վարձի փոխհատուցում 60,000 դրամի չափով՝ 6 ամսվա ընթացքում, այս ոլորտում սա առաջին պետական ծրագիրն է: Համագործակցում ենք նաև միջազգային բազմաթիվ կառույցների հետ»,- նշեց նա։

  • Կիսվել: