երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Քննարկել ենք ուսուցիչների առաջարկները, և դրանց զգալի մասն ընդունվել է. Ժաննա Անդրեասյան

Քննարկել ենք ուսուցիչների առաջարկները, և դրանց զգալի մասն ընդունվել է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով ուսուցիչներին, նաև ընդգծելով՝ այս օրերին բոլորիս մտքերն ու անհանգստությունները մեր հայրենակիցների հետ են։

Նախարարը տեղեկացրել է՝ քննարկել են ուսուցիչների առաջարկները, որոնց զգալի մասը, հատկապես թղթաբանությանը վերաբերող, ընդունվել է:
 
«Եկող շաբաթ մանրամասն շրջաբերական գրություն կուղարկվի դպրոցներ, նաև կարգերի փոփոխություններ կիրականացնենք։ Այս օրերին շատ քննարկված թեմատիկ պլանների և դասի պլանի մասով նշեմ, որ արդեն տեխնիկական լուծում ենք մշակում, որ պատրաստ կլինի առաջիկայում։
 
Տեղեկատվական հարթակում կտեղադրվեն թեմատիկ պլանների նմուշները, որոնք մշակվել են ԿԶՆԱԿ-ի կողմից։ Ընդ որում՝ թեմատիկ պլաններից հանելու ենք դասի պլանների հատվածը, որպեսզի կրկնակի աշխատանք չպահանջվի։ Ուսուցիչը, մուտք գործելով էլեկտրոնային մատյան, կունենա հնարավորություն՝ ինքնաշխատ ընտրել և ներբեռնել գոյություն ունեցող թեմատիկ պլանը՝ դրա վրա ըստ անհրաժեշտության իր փոփոխություններն անելով, օրինակ՝ ժամաքանակը փոխելով, կամ կկարողանա ընտրել սեփական թեմատիկ պլանը ստեղծելու տարբերակը։
 
Ընդ որում՝ նախատեսում ենք հանել թղթային տարբերակի ստորագրությունների պահանջը, հաստատումները կարվեն հենց հարթակում, լրացուցիչ թղթային որևէ բան չի պահանջվի։ Ինչ վերաբերում է դասի պլաններին, ապա եթե էլեկտրոնային հարթակում լրացվեն անհրաժեշտ տվյալները, ապա առանձին գրավոր դասի պլան ունենալու պահանջը չի գործի։
 
Այս փոփոխություններն ընթացքում են, նաև ԿՏԱԿ-ի մասնագետները կապի մեջ կլինեն արդեն իսկ հարթակում տվյալները լրացնող ուսուցիչների և դպրոցների հետ՝ տեխնիկական անհրաժեշտ լրամշակումներն անելու համար։
 
Այս տարի կպահպանենք զուգահեռ տարբերակները, այսինքն՝ ովքեր սկանավորված կցել են կամ լրացրել են, լրացուցիչ աշխատանք անելու կարիք չեն ունենա։
 
Մյուս առաջարկները նույնպես քննարկել ենք, ինչպես օրինակ՝ տարակարգի փաթեթը թեթևացնելու, որը պլանավորվում է, և այլ հարցերով։ Ինչպես նշեցի, այդ բոլոր առաջարկներով մանրամասն գրությունը կուղարկվի եկող շաբաթ։
 
Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջարկների համար, դրանք իրոք շատ կարևոր էին։
 
Այսօր նաև կամավոր ատեստավորման առաջին օրն է այս տարի դիմած ուսուցիչների համար։ Բոլոր մասնակցող ուսուցիչներին մաղթում եմ հաջողություն»,- գրել է Ժաննա Անդրեասյանը:

  • Կիսվել: