կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Եկատերինբուրգ-Երեւան չվերթը հետ է վերադարձել օդանավակայան

Եկատերինբուրգ-Երեւան չվերթը հետ է վերադարձել օդանավակայան

Եկատերինբուրգից Երեւան մեկնած ինքնաթիռը հետ է վերադարձել Եկատերինբուրգի օդանավակայան, քանի որ ահազանգել է շասսիի անսարքության տվիչը: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի գծով Ուրալյան հետաքննչական վարչությունը։

«Օդանավի բարձրանալու ընթացքում գործել է շասսիի անսարքության տվիչը, այդ կապակցությամբ օդանավի հրամանատարը որոշում է ընդունել ինքնաթիռը վերադարձնել մեկնաթռիչքի օդանավակայան: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում: Ուղեւորները, անձնակազմի անդամները չեն տուժել: Օդանավը չի վնասվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

Airbus А320-ը «Կոլցովո» օդանավակայանից մեկնել է տեղական ժամանակով 07:35-ին (Երեւանի ժամանակով 06:35-ին), սակայն մոտավորապես մեկ ժամ անց ինքնաթիռը, որում եղել է 65 ուղեւոր, անձնակազմի հինգ անդամ, հարկադրաբար հետ է վերադարձել:

«Կոլցովո» առցանց-տաբլոյի տեղեկատվությամբ՝ ինքնաթիռը վերստին նշված երթուղով մեկնել է Երեւանի ժամանակով 09:35-ին, չվերթն իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը:

Հետաքննչական վարչությունը ստուգում Է սկսել այդ փաստով, գերատեսչության աշխատակիցները պարզում են դրա պատճառներն ու հանգամանքները: 

  • Կիսվել: