չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել

ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել

Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում կառուցել երեք սահմանային անցակետ, իսկ այդ ծրագրերի իրականացման առաջին նախապայմանը կլինի տարածքների ականազերծումը։

Այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ներկայացնելով ԵՄ-ի կողմից Հայաստանին նվիրաբերված ժամանակակից ականազերծման մեքենան։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մեքենան կծառայի՞ միայն սահմանամերձ բնակչության անվտանգությանը, թե՞ նաև ենթակառուցվածքային ծրագրերին՝ Մարագոսը պատասխանեց, որ այն կարևոր նշանակություն կունենա երկու ուղղություններով։

«Կապի նախագծերը պահանջում են մաքրել այն տարածքները, որոնցով դրանք պետք է անցնեն։ Ինչպես գիտեք, մենք արդեն պարտավորվել ենք կառուցել երեք սահմանային անցակետ և այժմ աշխատում ենք այդ ծրագրի մանրամասների վրա։ Սակայն ականազերծումը կլինի առաջին անհրաժեշտ քայլը, որպեսզի այդ կարևոր շինարարական աշխատանքները կարողանան առաջ շարժվել»,-նշել է Մարագոսը՝ առանց մանրամասնելու, թե որ հատվածներում է նախատեսվում սահմանային անցակետերի կառուցումը։

Նա հավելեց, որ Եվրոպական միությունը շարունակում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը՝ ներդրումներ կատարելով ինչպես անվտանգության, այնպես էլ ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ։

ՀՀ-ում ԵՄ դեսպանի բնորոշմամբ՝ ԵՄ-ն հետևողականորեն աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, և այդ համագործակցությունն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս Հայաստանի քաղաքացիների համար։

«Մենք աշխատում ենք ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, և սա շատ կոնկրետ օգուտներ է բերում հայ ժողովրդին։ Եվրոպական միությունը ներդրումներ է կատարել հակամարտությունից տուժած բնակչության անվտանգության ապահովման գործում՝ տարբեր ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) գործունեության միջոցով։ Այժմ մենք ներդրումներ ենք կատարում նաև կյանքեր փրկելու գործում՝ համագործակցելով Հայաստանի ականազերծման գործողությունների կառույցի հետ»,-շեշտել է Վասիլիս Մարագոսը՝ մանրամասնելով, որ Հայաստանին փոխանցված ականազերծման մեքենան արտադրվել է Խորվաթիայում և եվրոպացի հարկատուների համերաշխության կոնկրետ դրսևորումն է Հայաստանի նկատմամբ։

 

  • Կիսվել: