ԵԱՏՄ երկրները թոշակ վճարելուց կճանաչեն մասնակից երկրներում քաղաքացիների ունեցած աշխատաքային ստաժը
ԵԱՏՄ անդամ պետությունները ճանաչում են մյուս պետությունների ստաժը մինչև 2021 թվականը, այսինքն՝ որ երկրում կնշանակվի կենսաթոշակ, մյուս անդամ պետությունները ճանաչում են այդ երկրներում ունեցած ստաժը և դրանով նշանակում են կենսաթոշակ: Այս մասին ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչարյանը։
Նա ներկայացրեց ԵԱՏՄ նոր համաձայնագիրը,որով ենթադրում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և «Պետական նպաստների մասին» օրենքում։
«ԵԱՏՄ նոր համաձայնագրով ասվում է հետևյալը, 2021-ից հետո, եթե անձը անդամ տարբեր պետություններում ունի ստաժ, ենթադրենք՝ Բելառուսում 2 տարի,Ղազախստանում՝ 1 տարի, Հայաստանում՝ 10 տարի և 21 թվականից առաջ էլ, ասենք, 10 տարի էլ Ռուսաստանում, երբ ինքը Ռուսաստան կգնա և կնշանակվի կենսաթոշակ, մինչև 2021-ի ստաժը ամբողջությամբ կվճարի Ռուսաստանը։ Բելառուսում աշխատած ժամանակահատվածի համար Բելառուսը՝ ամեն ամիս իր կանոններին համապատասխան, իր չափով գումարը կփոխանցի այդ թոշակառուին, Հայաստանը՝ իր 10 տարվա համար, Ղազախստանը՝ 1 տարվա համար։ 21-ից հետո ձեռքբերված ստաժի մասով գործելու են նշածս սկզբունքները»,- պարզաբանեց Խաչատրյանը։
Փոխնախարարը նշեց․ «Մենք այս օրենքով լիազորում ենք կառավարությանը համաձայնագրի շրջանակում այդ կարգավորումների համար կարգեր ընդունել՝ ժամկետների, փոխհաշվարկների, գումարի փոխանցման, միջպետական և մյուս բանկերի հետ հարաբերություններում և այլն»։