չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Դիպլոմը հաղթեց գիտելիքին. Հրանուշ Խառատյան

Դիպլոմը հաղթեց գիտելիքին. Հրանուշ Խառատյան

ԱԺ-ում «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով լսումների ընթացքում ազգագրագետ Հրանուշ Խառատյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում կան բազմաթիվ տգետ, անգրագետ ուսուցիչներ:

Նրա խոսքով՝ լսումների ընթացքում ասվեց, թե նոր իշխանությունները հայտարարում են՝ ուսուցիչը պետք է լավ ապրի, սակայն չգիտի որևէ իշխանություն, որն ասի՝ ուսուցիչը պետք է վատ ապրի. «Կարծում եմ, որ բոլոր իշխանությունները, սովորաբար, հենց այդպես են ասում, բայց բոլոր իշխանություններն ամեն ինչ անում են, որ հենց այդ քաղաքացին չստեղծվի: Եվ ես շատ վստահ չեմ, որ այս դեպքում էլ այս նույն ճանապարհով, հնարավոր է, չգնանք»։

Հրանուշ Խառատյանը նշեց նաև, որ խոսվում ՝ կրթությունը զարգացնելու կամքի մասին, բայց թե այդ կամքը ո՞րն է լինելու, ո՞րն է այս պահին այն բացառիկ հնարավորությունը, որը կրթությունը դարձնելու է օրինակելի, մատչելի, և քիչ թե շատ սոցիալապես արդար, այդ մասին չպարզաբանվեց։

Ըստ նրա՝ Երևանում գտնվող դպրոցի և հեռավոր գյուղում գտնվող դպրոցն իրենց իմիջով չպետք է տարբերվեն:

Նրա խոսքով՝ Հայաստանում ուսուցչության «մեջքը ջարդեց» այն որոշումը, համաձայն որի՝ ուսուցիչն անպայման պետք է մանկավարժի կրթություն ունենա: Դրանից հետո, ըստ Հրանուշ Խառատյանի, սովետական շրջանում դպրոցներից զանգվածաբար ազատվեցին մանկավարժի լրացուցիչ կրթություն չստացող անձանց, իսկ նրանց փոխարեն ընդունեցին մանկավարժի շատ կասկածելի դիպլոմներով անձանց. «Դիպլոմը հաղթեց գիտելիքին: Դա կոտրեց կրթության համակարգը»,-ասաց ազգագրագետը՝ հավելելով, որ այժմ էլ հասարակությունն ընտրում է ոչ թե բարձրագույն կրթությունը, այլ՝ դիպլոմը:


 

 

  • Կիսվել: