չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Դիահերձումները կիրականացնեն միայն բուժհաստատություններին կից ստորաբաժանումները․ ՔՊ-ական

Դիահերձումները կիրականացնեն միայն բուժհաստատություններին կից ստորաբաժանումները․ ՔՊ-ական

Նախագծով առաջարկվում է, որպեսզի ախտաբանաանատոմիական դիահերձումներ իրականացվեն միայն բուժհաստատություններին կից ստորաբաժանումներում: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:

«Ժամանակին այդպես եղել է, 2012-ին հնարավորություն է տրվել նաեւ այլ կազմակերպություններ՝ ՍՊԸ եւ այլն, իրականացնեն նման դիահերձում, որոնք կարող է ընդհանրապես կապ չունենան բուժհաստատության հետ: Դա բերել է նրան, որ Հայաստանում դիահերձումների թիվը կտրուկ աճել է՝ 36 տոկոսից 90 տոկոսի է հասել: Այնինչ եվրոպական միջին ցուցանիշը 26,5 տոկոս է: Իրականացվում են անհարկի դիահերձումներ, սա իր հետ բերում է  ֆինանսական ծախսեր հարազատների կողմից, ինչպես նաեւ որակի վերահսկողություն չի իրականացվում:

Պետք է հասկանալ, որ ախտաբանաանատոմիական ծառայությունը բժշկագիտություն է, այլ ոչ զուտ դիահերձում»,-ասաց նա:

Զեյնալյանը տեղեկացրեց, որ այսօր նման ծառայություն մատուցող 8 կազմակերպություն կա. «Նրանց գործունեությունը ախտաբանաանատոմիական ծառայություն իրականացնելու մասով կսահմանափակվի: Մենք 6 ամիս ժամկետ ենք դրել, որից հետո նրանց լիցենզիան այդ մասով կկասեցվի:

Նրա խոսքով, այդ կազմակերպությունները չունեն հյուսվածքաբանական լաբորատորիա, որ կարողանան մահվան ճիշտ պատճառը պարզել, դա համադրել կլինիկական ախտորոշման եհ, բացահայտել նաեւ բժշկական սխալի առկայությունը: Այդ ամենի արդյունքում, ըստ նրա, ողջ վիճակագրությունը խեղաթյուրվում է:

  • Կիսվել: