ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Դեղագործական քիմիայի խնդիրներն առավել խորքային են և շենք կառուցել-չկառուցելու հետ աղերս չունեն․ նախարար

Դեղագործական քիմիայի խնդիրներն առավել խորքային են և շենք կառուցել-չկառուցելու հետ աղերս չունեն․ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներին: Այս մասին հայտնում են նախարարությունից։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Կենտրոնի աշխատակիցները նախարարի պաշտոնակատարին ներկայացրել են Ազատության պողոտային հարակից ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տարածքում կառուցվելիք բարձրահարկ համալիրի վերաբերյալ իրենց մտահոգությունները: Նրանց կարծիքով՝ նույն տարածքում գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքն անհամատեղելի են: Վահրամ Դումանյանը, կարևորելով բովանդակային քննարկումների անցկացումը և անկախ տարակարծություններից՝ բարեկրթության մթնոլորտի պահպանումը, պատասխանել է հնչած մտահոգություններին.

«Մշտապես պատրաստ ենք ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումների, բայց բարձրաձայնված հարցերը պետք է առնչվեն ԿԳՄՍ նախարարության գործառույթներին, լինեն մեր իրավասության շրջանակում: Նույնն ակնկալում եմ այս քննարկումից: Ծանոթ եմ բարձրացված հարցին, և պետք է հստակ արձանագրենք, որ քննարկումների առիթ դարձած տարածքը, որտեղ նախատեսվում են շինարարական աշխատանքներ, տարիներ առաջ վաճառվել է մասնավոր հատվածի»:

 

Արձագանքելով ներկաների մտահոգությանը, թե քիմիական մասնաշենքերի հատվածում բնակելի համալիրի կառուցումը վտանգելու է ինստիտուտի լինելիությունը, Վահրամ Դումանյանը նշել է. «Հարցը պետք չէ կապել պետության՝ գիտության նկատմամբ վերաբերմունքի և ոլորտի զարգացման շուրջ ունեցած տեսլականի հետ: Բնավ կասկածի տակ չեմ դնում ձեր գործունեության արդյունավետությունը, բայց և համոզված եմ, որ Հայաստանում գիտության և մասնավորապես օրգանական և դեղագործական քիմիայի զարգացմանն առնչվող խնդիրներն առավել խորքային են և շենք կառուցել-չկառուցելու հարցի հետ աղերս չունեն: Որպես գիտնական՝ համակարծիք չեմ ձեր այն պնդման հետ, որ «եթե այդ շենքը կառուցվի, քիմիան Հայաստանից կվերանա»:

Եկե՛ք հարցերը և դրանց ակունքները ճիշտ սահմանենք, այդ դեպքում լուծումներն էլ հեշտ կգտնվեն»: Ամփոփելով հանդիպումը՝ Վահրամ Դումանյանն առաջիկայում ևս նմանօրինակ քննարկումներ անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։

Հիշեցնենք, որ գիտաշխատողներն այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ ու պահանջում էին թույլ չտալ ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի  տարածքում՝ Ազատության 26/1 հասցեում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել։ 

  • Կիսվել: