շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դավիթ Խաչատրյանը մասնակցել է Ժնևում անցկացված ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովին

Դավիթ Խաչատրյանը մասնակցել է Ժնևում անցկացված ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, որպես հայկական կողմի պատվիրակության ղեկավար, մասնակցել է Ժնևում անցկացված ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման միջազգային համաժողովին, հայտնում են ԱՍՀ նախարարությունից։

Միջոցառմանը ներկա են եղել տարբեր երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, այլ մասնակիցներ՝ ավելի քան 200 երկրից։

Հայաստանը ներկայացնող պատվիրակության կազմում եղել են նաև Առողջապահության նախարարության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, պատգամավոր Արսեն Թորոսյանը, ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը, «Ամերիա» ընկերությունների խմբի գործընկեր (partner) և ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ինչպես նաև այլ պաշտոնյաներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Օրակարգում ընդգրկված են եղել 3 հիմնական թեմաներ՝

1) բնակչության դինամիկայի և կայուն զարգացման,

2) ընտանիքների և վերարտադրողական առողջության պահպանման,

3) սոցիալական ներառման ու իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Քննարկվել են նաև ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանն ուղղված համաշխարհային միտումները, դրանց ընթացքն ու ազդեցությունը։

Լիագումար նիստի իր ելույթում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ժողովրդագրության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը, անդրադարձել ոլորտային ռազմավարությամբ սահմանված գերակայություններին, խոսել առկա իրավիճակի ու ակնկալվող արդյունքների մասին։ Բանախոսը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք հնարավորություն են տալիս նպաստել ընտանիքի համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, ակտիվ ծերացման խթանմանը, արտագաղթի պատճառների նվազեցմանը և այլն։ Այս համատեքստում նախարարի տեղակալը շեշտել է միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման և արդյունավետ միջոցառումների իրականացումը՝ ընդգծելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ իրականացված արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Դ․ Խաչատրյանի խոսքով՝ այս պահին ընթացքի մեջ են ժողովրդագրության համապարփակ ռազմավարության մշակման աշխատանքները, որը հիմնված է վերջին 120 տարիների ժողովրդագրական միտումների հիմնարար հետազոտությունների վրա:

«Հայաստանի կառավարության ժողովրդագրական քաղաքականության ներկայիս առաջնահերթությունները նպատակ ունեն երկրում ստեղծել ընտանիքի համար բարենպաստ միջավայր, նվազեցնել մահվան ռիսկի հիմնական գործոնները, խթանել ակտիվ ծերացումը, նվազեցնել արտագաղթի պատճառները և խթանել բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգաղթը»,- նշել է նախարարի տեղակալը։

Օրակարգային հարցերից բացի, նախարարի տեղակալը խոսել է Ադրբեջանի կողմից շուրջ 10 ամիս Արցախի շրջափակման, մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային նորմերի կոպիտ խախտումների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումների պարտադիր կատարումը չապահովելու մասին, ինչի արդյունքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախից բռնի տեղահանվեց շուրջ 100,000 բնակիչ։ Իր խոսքում կարևորել է Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության տրամադրման ու նրանց համար արժանապատիվ կենսապայմանների ապահովմանն ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքների մասին։

Եզրափակելով ելույթը՝ Դավիթ Խաչատրյանը հույս է հայտնել, որ համատեղ հետևողական աշխատանքն ու ընդհանուր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարել առկա մարտահրավերները՝ ապահովելով ներառական, խաղաղ և կայուն ապագա:

  • Կիսվել: