Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են երեք ավտոմեքենա. կան տուժածներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 7-ին, ժամը 13։13-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում բախվել են երեք ավտոմեքենա, կա երկու տուժած, տուժածներից մեկն արգելափակված է ավտոմեքենայում, առկա է վառելիքի արտահոսք։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Դավիթ Անհաղթի փողոցում՝ «Իդեալ» խանութ-սրահի մոտակայքում, բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Կոլյա Հ., ծնված 1990 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Սուրեն Ս․, ծնված 1989 թ․) և «Opel» (վարորդ՝ Արծրուն Ղ․, ծնված 1973 թ․)մակնիշների ավտոմեքենաները։ «Toyota Corolla» և «Opel» մակնիշների ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ Կոլյա Հ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։


