երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Չունենք գազ, լույս և ունենք երեխա ու չենք կարող մեկուսացած մնալ. բողոքի ակցիայի մասնակիցներ

Չունենք գազ, լույս և ունենք երեխա ու չենք կարող մեկուսացած մնալ. բողոքի ակցիայի մասնակիցներ

Կառավարության դիմաց մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով միացնել իրենց գազն ու լույսը։

«Մենք մեկուսացման վայրից դուրս ենք եկել, որովհետև չունենք գազ, լույս և ունենք երեխա ու չենք կարող մեկուսացած մնալ։ Եկել ենք մեր ընտրած Կառավարության դիմաց՝ մեր բողոքն արտահայտելու՝ առանց գոռոցների և առանց ավելորդությունների։ Սա իմ ընտանիքի անդամների համար խիստ անհրաժեշտություն է։  Տանս գազն ու լույս անջատացած է։ Գուցե այս բողոքը տեսնելով պարետը բացառություններ մտցնի»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ոստիկանության աշխատակիցը ստուգեց ակցիայի մասնակիցների տեղաշարժման թերթիկները, հայտնեց, որ խախտված է տեղորոշման վայրը և վարչական իրավախախտում արձանագրեց։

«Քանի անգամ էլ վարչական իրավախախտում արձանագրեք ու կազմեք, մենք էլի գալու ենք, որ վարչապետը տեսնի ու հասկանա, որ իրեն ճիշտը չեն ասում։ Մենք ոչինչ չենք խախտում. պահում ենք սոցիալական հեռավորություն, ունենք տեղաշարժման թերթիկ, որում գրվածը ոստիկանին չի բավարարում։ Վարչապետը մեզ ասել է, որ մեզ է ծառայում։ Էսօր մարդիկ հացի խնդիր ունեն, 2 ամիս է չեն աշխատում, ինքը 5 րոպե առաջ լայվ է մտնում ու ասում՝ զբոսանքի թույլտվությունները պետք է թեթևանան. շատ հրատապ հարց է լուծում։ Մենք կոտորվում էինք զբոսնելու ցանկությունից, վարչապետն այսօր լուծեց այդ հարցը»,- ասաց քաղաքացին։

 

  • Կիսվել: