ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չիջեցնե՛ք ժողովրդավարության պայքարի նշաձողը, հետևե՛ք Ֆրանսիայի Սենատի բանաձևերի պահանջներին. «Միասին»-ի հանրագիրը

Չիջեցնե՛ք ժողովրդավարության պայքարի նշաձողը, հետևե՛ք Ֆրանսիայի Սենատի բանաձևերի պահանջներին. «Միասին»-ի հանրագիրը

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հանրագիր է ներկայացրել ՀՀ-ում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին:

Հանրագրում ասվում է. «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ծայրահեղ մտահոգ Արցախում և Հայաստանում 2020 թ. սեպտեմբերի 27-ից ցայսօր Ադրբեջանի կողմից ծավալած ռազմական զավթողական  քաղաքականության արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակով՝ արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից խախտվել և խախտվում են հակամարտությունների կարգավորման միջազգային բոլոր հիմնարար սկզբունքները,  ՄԱԿ-ի և Մինսկի խմբի եռանախագահության  պայմանավորվածությունները:

«Միասին» շարժումը  դիմում է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան տկն. Անն Լույոյին՝  ակնկալելով, որ դեսպանը մեր հանրագրի պահանջները կներկայացնի Ֆրանսիայի նախագահին և կառավարությանը, որը մշտապես հանդես է եկել ժողովրդավարության և մարդու իրավունքների հետևողական պաշտպանի դիրքերից։

  1. Ֆրանսիայի իշխանությունը ավանդաբար եղել է բոլոր տարածաշրջաններում արդարության, ժողովրդավարության և միջազգային օրենքների հետևողական պաշտպանը։ Հայ ժողովուրդը մշտապես հիշում է Ձեր պետականության նման կեցվածքը և իր թիկունքին զգացում է Ֆրանսիայի իշխանությունների և ժողովրդի աջակից ուժը։

2020 թվ․ նոյեմբերի 25-ին, ապա  դեկտեմբերի 3-ին, երբ հայ ժողովուրդը արցախահայության հետ մեկտեղ գոյաբանական դժնի պայքարում էր, Ֆրանսիայի Սենատը ընդունեց հայտնի իր բանաձևերը, որով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկում էր ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ դատապարտելով Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի ագրեսիան, պահանջելով ադրբեջանական զորքերը դուրս բերել սեպտեմբերի 27-ից ի վեր  պատերազմական գործողությունների հետևանքով զավթված հայկական տարածքներից և վերադառնալ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացին։ Ցավոք, Ֆրանսիայի կառավարությունը մոռացության մատնեց այս բանաձևերի պնդումները։

2․ «Միասին» շարժումը ակնկալում է, որ Ֆրանսիան չի բավարարվելու Ադրբեջանին ուղղված հորդոր-առաջարկներով, այլ առաջնորդվելու է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ընդունած որոշումներով՝ սահմանելով և կիրառության մեջ դնելով պատժամիջոցների հստակ փաթեթ՝ հարկադրելով ցեղասպան Ալիևի վարչակազմին դադարեցնել  2022 թ. Դեկտեմբերի 18-ից Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումը

  1. Անպատիժ մնալով՝ Ադրբեջանը շարունակում է պարբերաբար առևանգել հայ զինվորներին և խաղաղ բնակչությանը ՀՀ և Արցախի Հանրապետության ինքնիշխան տարածքներից։

Համոզված ենք, որ Ֆրանսիան հետևողական ջանքերով կշարունակի ռազմագերիներին ու առևանգվածներին վերադարձնելու արդար նպատակին հասնելու ջանքերը, վկան երեկ Քիշնևում  կայացած հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը։ Բայց խնդրում ենք չիջեցնե՛լ ժողովրդավարության պայքարի նշաձողը՝ սահմանափակվելով ԼՂ հայերի իրավունքների  և անվտանգության միջազգային երաշխիքների ներդրման պահանջներով։ Հետևե՛ք Ֆրանսիայի Սենատի սահմանած ոչ թե հայամետ, այլ արդարամետ և ժողովրդավարական բանաձևերի պահանջներին։

  • Կիսվել: