երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բոլոր դժվարություններին զուգահեռ պետք է սկսել ու ավարտին հասցնել անելիքը․ Ավանեսյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

Բոլոր դժվարություններին զուգահեռ պետք է սկսել ու ավարտին հասցնել անելիքը․ Ավանեսյանն ընդունել է Անդրեա Վիկտորինին

ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին այսօր ընդունել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Այս մասին հայտնում են նախարարությունից։

«Ձեր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում համընկավ ծանր շրջանի հետ` քովիդ, պատերազմ, անվտանգային մարտահրավերներ: Յուրաքանչյուր իրավիճակում բարձր ու արդյունավետ եմ գնահատում Ձեզ հետ համագործակցությունը»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված առողջապահական բարդ իրավիճակի, պացիենտներին Հայաստանի բժշկական հաստատություններ տեղափոխելու դժվարությունների մասին:

«Բարեփոխումների համար լավ ժամանակներին սպասելն անիմաստ է, միշտ էլ նոր մարտահրավերներ են առաջ գալու, ուստի պետք է բոլոր դժվարություններին զուգահեռ սկսել ու ավարտին հասցնել անելիքները»,- ոլորտի առաջնահերթություններն ու գլխավոր ծրագրերը ներկայացնելուց հետո նշել է Անահիտ Ավանեսյանը:

Հրաժեշտի հանդիպմանը երկու կողմերն էլ հույս են հայտնել, որ Հայաստանից մեկնելուց հետո ևս փոխգործակցությունը շարունակվելու է:

  • Կիսվել: