ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց բժշկական կենտրոնների կառուցման ծրագրերի ընթացքը

Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց բժշկական կենտրոնների կառուցման ծրագրերի ընթացքը

Առողջապահության նախարարության համար կարևոր է մարդու բնակավայրին մոտ առողջապահական կենտրոնների առկայության ապահովումը, առողջապահական ծառայությունների արդիականացումն ու որակի ապահովումը։

Այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ 2023 թվականին ավարտվել, շարունակվել և մեկնարկել են տասնյակից ավել բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման ծրագրեր։

«Մարտունու և Վայոց ձորի բժշկական կենտրոններն այսօր մատուցում են արդի ծառայություններ մարզի բնակչությանը, և մարդիկ ստիպված չեն լինում Երևան գալ՝ հավելյալ անհարմարություններ և ծախսեր կրելով։

Մեկնարկել են Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն ծառայության նոր մասնաշենքի, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Արարատի և Արմավիրի մասնաճյուղերի, Արտաշատի բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաճյուղի վերակառուցման աշխատանքները։ Շարունակվել են ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, հոգեկան առողջության կենտրոնի, Սիսիանի, Թալինի, Ծաղկահովիտի, Չարենցավանի, Մասիսի, Եղվարդի, Տաշիրի, Աշտարակի բժշկական կենտրոնների շինարարական աշխատանքները։

Նշեմ, որ ընթանում են 19 ամբուլատորիաների և 9 պոլիկլինիկաների կառուցման և վերակառուցման նախագծման աշխատանքները, ևս 20 ամբուլատորիաների կառուցման և վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարի»,- ասաց Ավանեսյանը։

  • Կիսվել: