չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Բելգիայի հայտնի հայերը. Պողոս Յալիմ՝ մարդ, որ ինքնությունը դարձրեց ծառայություն

Բելգիայի հայտնի հայերը. Պողոս Յալիմ՝ մարդ, որ ինքնությունը դարձրեց ծառայություն

Վաղ տարիքից ձևավորված գիտակցություն, որ հետագայում պիտի դառնար համայնքային առաքելություն. բելգահայ բժիշկ Պողոս Յալիմի կյանքն ու անցած ճանապարհը միայն անձնական կենսագրություն չեն։ Դա մի ամբողջ սերնդի պատմություն է՝ տեղահանության, ինքնության պահպանման, դիմադրության ու  ծառայության։ Նրա անունը Բելգիայի հայ համայնքային կյանքում կապվում է բժշկի մասնագիտության, ազգային ինքնագիտակցության, կրթական նախաձեռնությունների և հասարակական պատասխանատվության հետ։ Բայց այս ամբողջ ճանապարհի հիմքում մեկ առանցքային գաղափար կա՝ հայ լինելը ոչ թե պարզապես պատկանելություն է, այլ պարտավորություն։

«Բելգիայի հայտնի հայերը» շարքի շրջանակներում Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է բժիշկ Պողոս Յալիմի հետ։

Պողոս Յալիմի նախնիները Վանից են, սակայն դեռ Հայոց ցեղասպանությունից առաջ նրա նրանք տեղափոխվել էին ավելի ներքև՝ դեպի Սղերդի շրջան, իսկ  Ցեղասպանությունից հետո շարունակել էին ապրել այնտեղ։ Նրանք ապրել էին լեռնային, հարաբերականորեն մեկուսացված պայմաններում՝ հեռու մեծ կենտրոններից և սահմանափակ շփման մեջ մյուս ժողովուրդների հետ։ Այդ միջավայրում հայկական ինքնությունը պահպանվել էր բնական, բայց նաև համառ ձևով։ Շփումները հիմնականում եղել էին եզդիների հետ, իսկ արտաքին աշխարհի հետ կապը երկար ժամանակ շատ թույլ էր։ Այդ մեկուսացված գոյությունն անգամ այնպիսի տպավորություն էր ստեղծել, թե իրենք, գուցե, Ցեղասպանությունից փրկված միակ հայերից են։

Միայն 1960-ականներից հետո է ստեղծվել կապ պոլսահայության հետ։ Իսկ 1969 թվականին Պողոս Յալիմը տեղափոխվել է Պոլիս և հաճախել հայկական դպրոց։ Այս շրջանը նրա կյանքի կարևոր հանգրվաններից մեկն էր։ Պոլիսը նրան տվեց ոչ միայն կրթություն, այլև ավելի լայն պատկերացում հայության ներքին տարբեր շերտերի, նրանց վախերի, զգուշավորության և ինքնապաշտպանական վարքի մասին։ Հենց այնտեղ նա առաջին անգամ տեսավ, որ շատերը իրենց ինքնությունը թաքցնում են, խուսափում են հայերեն խոսելուց, զգուշանում են բացահայտ հայ լինելուց։ Սա նրա համար տարօրինակ ու նույնիսկ անհասկանալի էր, որովհետև իր մեծացած միջավայրում հայ լինելը երբեք չէր թաքցվել։

Նրա աշխարհի մեջ ինքնությունը ոչ թե ներքին գաղտնիք էր, այլ ապրելու բնական ձև։ Իրենց համայնքում ոչ միայն երբեք չէին հրաժարվել հայությունից, այլ որոշ դեպքերում նույնիսկ զենքով էին պաշտպանել այն։ Այդ պատճառով էլ Պողոս Յալիմի գիտակցության մեջ շատ վաղուց էր ձևավորվել այն համոզումը, որ ինքնությունը չես պահպանում լռելով, այն պահպանում ես ապրելով, արտահայտելով, պաշտպանելով։

1980-ական թվականները Թուրքիայի համար ծանր և պայթյունավտանգ տարիներ էին։ Քաղաքական անկայունությունը, ռազմական միջամտությունները, ճնշումները և ձերբակալությունները նոր վտանգներ էին ստեղծում հատկապես երիտասարդների համար։ Այդ տարիներին Պողոս Յալիմը դեռ ընդամենը 17 տարեկան էր։ Բայց հենց այդ տարիքից արդեն պարզ էր՝ երկրում մնալը անվտանգ չէ։ Նրա շրջապատի երիտասարդները սկսում էին ձերբակալվել, և ծնվում էր մեկ անխուսափելի որոշում՝ պետք է հեռանալ։

Այդ ժամանակ Եվրոպայի շատ երկրներ արդեն վիզային սահմանափակումներ էին մտցրել Թուրքիայի քաղաքացիների համար։ Ֆրանսիան, Հոլանդիան և այլ երկրներ փակել էին մուտքը։ Միակ իրական հնարավորությունը Բելգիան էր, ուր դեռ կարելի էր գալ առանց վիզայի։ Նախապես տեղի հայության հետ կապ էր հաստատվել, հանդիպում էր եղել նաև Սրբազանի հետ, որպեսզի հնարավոր դառնա Թուրքիայից մի խումբ հայերի տեղափոխումը։ Այդպես էլ եղավ. Պողոս Յալիմը եկավ Բելգիա և հաստատվեց այնտեղ։ Սակայն այդ պատուհանն էլ երկար բաց չմնաց. կարճ ժամանակ անց Բելգիան ևս վիզային ռեժիմ սահմանեց Թուրքիայի քաղաքացիների համար։

Այս տեղափոխությունը, սակայն, պարզապես աշխարհագրական փոփոխություն չէր։ Դա մի ամբողջ կենսափորձի մեկնարկ էր նոր երկրում, նոր լեզվով, նոր հասարակության մեջ, բայց նույն ինքնությամբ ու նույն ներքին դիմադրությամբ։

Բելգիա հասնելուն պես Պողոս Յալիմը կանգնեց ներգաղթյալի դասական ընտրության առաջ՝ աշխատե՞լ, թե՞ շարունակել ուսումը։ Ավագ դպրոցը դեռ ավարտված չէր, լեզուն չգիտեր, և առջևում բազմաթիվ դժվարություններ կային։ Բայց նա վաղուց արդեն հստակ որոշել էր, որ իր ճանապարհը կրթության ճանապարհն է։ Տասնյոթ տարեկան պատանին իրեն ավելի շատ պատկերացնում էր ուսանողի, քան աշխատողի դերում։

Լեզուն առաջին մեծ խոչընդոտն էր։ Նա հաճախեց լեզվի դպրոց, և ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ստացած գիտելիքով սկսեց ուսումը։ Բայց շատ արագ երևաց մի կարևոր հանգամանք. Պոլսի հայկական դպրոցում ստացած կրթությունը նրան լուրջ առավելություն էր տվել։ Թվաբանության, ֆիզիկայի, քիմիայի և մի շարք այլ առարկաների մեջ նրա պատրաստվածությունը շատ բարձր էր։ Լեզվական խնդիրները, իհարկե, մնացել էին, բայց այդ գիտելիքն օգնեց, որ նա ինտեգրման ընթացքում չկորցնի իր վստահությունը և նաև արժանանա շրջապատի ըմբռնմանը։ Այս հիմքի վրա նա շարունակեց ուսումը և հետագայում ընդունվեց բժշկական համալսարան՝ ընտրելով մասնագիտություն, որը հետագայում պիտի դառնար իր ծառայության ևս մեկ ձևը։

Բելգիա հասնելուց հետո Պողոս Յալիմը ոչ միայն փորձում է իր անձնական կյանքը կառուցել, այլ նաև անմիջապես մտնում է համայնքային իրականության մեջ։ Նա և իր նման բազմաթիվ թուրքահայ երիտասարդներ գաղափարապես պատրաստ էին։ Նրանք արդեն Թուրքիայում էին հասկացել, որ ինքնությունը պետք է պաշտպանել, և այդ գիտակցությամբ էլ մասնակցում էին համայնքային կյանքին։ Բայց Բելգիայում նրանց սպասում էր մի նոր բարդություն՝ տեղի հայկական գաղութի և նոր ժամանածների պատկերացումները հաճախ չէին համընկնում։

Բելգիայում արդեն գոյություն ունեին նախկինում եկած հայերի ձևավորած համայնքային շրջանակներ, բայց նրանց մոտեցումը շատ ավելի պաշտպանողական էր։ Թուրքիայից եկածներին հաճախ հարցնում էին՝ ովքեր են, ինչու են եկել, ինչ նպատակ ունեն։ Այս վերաբերմունքը Պողոս Յալիմի և իր սերնդակիցների համար անհասկանալի էր։ Նրանց թվում էր, որ համայնքը պետք է լինի ավելի բաց, ավելի կազմակերպված, ավելի պահանջատեր։

Այդ տարիներին Բելգիայում դեռ չկար հայկական դպրոց, չկար կայացած կրթական և հոգևոր ենթակառուցվածք։ Միայն նոր գնված շենք կար, որի վերակառուցման աշխատանքներին Պողոս Յալիմն ու իր ընկերները մասնակցեցին անմիջականորեն։ Բայց շուտով պարզ դարձավ, որ իրենց պատկերացումները շատ ավելի լայն են։ Նրանք չէին ուզում պարզապես համայնքային գոյություն պահպանել։ Նրանք ուզում էին կազմակերպել ինքնության պաշտպանություն, կրթություն, երիտասարդական համախմբում և ազգային արժանապատվության վրա կառուցված հանրային կյանք։

Այս տարբերությունն առավել ցայտուն էր հատկապես ապրիլի 24-ի ընկալման հարցում։ Թուրքիայում նրանք հնարավորություն չէին ունեցել բացահայտ ոգեկոչելու Հայոց ցեղասպանությունը։ Իսկ Բելգիայում տեսնում էին, որ այդ օրը հաճախ հիշատակվում է փակ սրահներում, սահմանափակ շրջանակում։ Նրանց համար սա բավարար չէր։ Իրենց պատկերացմամբ՝ պետք էր դուրս գալ հրապարակ, կանգնել Թուրքիայի դեսպանատան առաջ և պահանջատիրորեն արտահայտել հայկական ցավն ու իրավունքը։

Չնայած այս տարաձայնություններին՝ Պողոս Յալիմն ու իր շրջապատը չընտրեցին հիասթափությունը։ Նրանք ընտրեցին գործը։ Առաջին քայլերից մեկը երիտասարդներին համախմբելն էր, և այդ նպատակով ստեղծվեց «Արմենիա» ֆուտբոլային խումբը։ Թիմը շուրջ երկու տարի գործունեություն ծավալեց և դարձավ համախմբման առաջին կենդանի հարթակներից մեկը։ Այն պարզապես մարզական նախաձեռնություն չէր. այն նաև սոցիալական, մշակութային և ազգային կապի ձև էր։

Հետագայում, երբ Թուրքիայից նոր աշխատավորներ սկսեցին ժամանել, համայնքային շունչն ավելի ամրացավ։ Եվ Պողոս Յալիմն ավելի հստակ հասկացավ, որ անհրաժեշտ է համախմբվել ոչ թե պարզապես ծագման, այլ արժեքների շուրջ։ Շուտով Բելգիա են հասնում նաև հայեր Սիրիայից և այլ երկրներից, որոնք կանգնում են նույն խնդիրների առաջ՝ բնակարան, փաստաթղթեր, կարգավիճակ, ինտեգրում։ Նրանց մեծ մասը աջակցություն չէր ստանում արդեն գոյություն ունեցող շրջանակներից։ Այդ պայմաններում Պողոս Յալիմն ու իր գաղափարակիցները հարյուրավոր ընտանիքների օգնության ձեռք մեկնեցին։

Սա բարեգործություն չէր՝ դասական իմաստով։ Սա պատասխանատվություն էր, պարտավորություն, ինքնության գիտակցությունից ծնված ծառայություն։ Այդ նույն զգացումից էլ 1982 թվականին սկզբում ձևավորվեց կոմիտե, իսկ հետո հիմնադրվեց Բելգիայի հայ դեմոկրատների միությունը։ Այս կառույցը դարձավ ոչ միայն կազմակերպչական ձև, այլ նաև աշխարհայացք՝ այն համոզման արտահայտությունը, որ սփյուռքում հայ լինելը պետք է լինի գիտակից, կազմակերպված և գործուն։

Պողոս Յալիմի կյանքում բժիշկ լինելը երբեք չի տարանջատվել մարդ լինելուց։ Նրա ընկալմամբ՝ եթե մարդը նախ մարդ չէ, չի կարող նաև լավ բժիշկ լինել։ Մարդկայնությունն է այն հենքը, որի վրա հետո միայն կառուցվում են մասնագիտությունը, ազգային պատկանելությունը, հանրային դերակատարությունը։

Այս համոզումն է, որ տարիների ընթացքում նրան մղել է օգնելու ոչ միայն հայերին, այլ նաև բազմաթիվ այլ մարդկանց՝ քրդերի, եզդիների, իրավական և սոցիալական բարդ վիճակում հայտնված անձանց։ Նա թարգմանել է, աջակցել է, անվճար խորհրդատվություն է տվել, օգնել է հատկապես նրանց, ովքեր չունեին նույնիսկ կացության փաստաթղթեր։ Նրա համար այս ամենը երբեք չի եղել լրացուցիչ զբաղմունք։ Դա եղել է մարդկային պարտավորության բնական շարունակությունը։

Բժշկի մասնագիտությունը նրա կյանքում դարձավ ոչ միայն մասնագիտական ինքնադրսևորման, այլ նաև հասարակական ծառայության միջոց։ Եվ հենց այստեղ է, որ Պողոս Յալիմի կերպարը ստանում է իր ամբողջականությունը՝ բժիշկ, հանրային գործիչ, համայնքային կազմակերպիչ, բայց նախևառաջ մարդ։

Պողոս Յալիմի մտածողության մեջ լեզուն կենտրոնական տեղ ունի։ Նրա համար ինքնության պահպանումը պետք է սկսվի դպրոցից։ Այդ պատճառով էլ համայնքային կյանքի ամենակարևոր նախաձեռնություններից մեկը դարձավ հայկական դպրոցի ստեղծումը։ Բելգիայում առաջին հայկական դպրոցը բացվեց հենց այդ համոզմամբ՝ լեզուն, մշակույթը և հավաքական հիշողությունը պիտի փոխանցվեն կազմակերպված միջավայրում։

Թեև նախկինում ևս հայկական դպրոց եղել էր, այն 1970-ականներից հետո այլևս չէր գործել։ Նոր շրջանը սկսվեց նոր կամքով։ Դպրոցից հետո ստեղծվեցին նաև առաջին պարախումբը, առաջին ֆուտբոլի ակումբը, և այդ ամենը աստիճանաբար փոխեց համայնքի կառուցվածքը։ Ուրիշներն էլ ներգրավվեցին, նախաձեռնություններ ստանձնեցին, սկսեցին տեսնել, որ ինքնությունը պահպանվում է ոչ թե խոսքով միայն, այլ հաստատություններով, մասնակցությամբ, կենդանի միջավայրով։

Այսօր, երբ դպրոցում արդեն հարյուրավոր երեխաներ կան, Պողոս Յալիմը հատկապես կարևորում է մեկ բան՝ երեխան պետք է զգա, որ մենակ չէ։ Սփյուռքում սա որոշիչ նշանակություն ունի։ Տեղական դպրոցներում հայ երեխան հաճախ կարող է լինել միակ հայը կամ լավագույն դեպքում՝ մեկ-երկու հայերից մեկը։ Այդ պայմաններում հայկական շաբաթօրյա դպրոցը դառնում է ոչ միայն լեզու սովորելու վայր, այլ պատկանելության տարածք։

Պողոս Յալիմի ընկալմամբ՝ հայկականությունը միասին լինելու և աշխատելու ընդունակություն է։ Դա ինքնապաշտպանություն է, բայց ոչ փակվածություն։ Դա ինքնության պահպանում է, բայց ոչ ատելություն ուրիշի հանդեպ։ Նրա համար կարևոր տարբերակումներից մեկն այն է, որ պետք չէ դառնալ ազգայնամոլ։ Ազգայնամոլությունը ոչ մի օգտակար բան չի ստեղծում։ Բայց հայրենասիրությունը՝ գիտակից, պատասխանատու, արժանապատիվ հայրենասիրությունը, անհրաժեշտ է հայկականության պահպանման համար։

Նա հաճախ մտածում է հայկականության մասին ոչ միայն ազգային, այլ նաև համամարդկային մակարդակով։ Եթե մարդկությունը պայքարում է, որ որևէ փոքր կենդանական տեսակ չվերանա, ապա ինչպե՞ս կարող է անտարբեր մնալ մի ժողովրդի, մի լեզվի, մի մշակույթի անհետացման հանդեպ։ Այս համեմատության մեջ արտահայտվում է նրա խորը համոզումը՝ հայ լինելը հարստություն է, և այդ հարստությունը կորցնելը կնշանակի կորցնել ինքներս մեզ։

Պողոս Յալիմի ամբողջ մտածողության մեջ կենտրոնական տեղ ունի նաև Հայաստանը։ Նրա համար սփյուռքը կարող է երկար ապրել միայն այն դեպքում, երբ ունի հայրենիք, որի հետ կապված է ոչ միայն զգացական, այլ նաև գոյաբանական իմաստով։ Հայաստանը, նրա ընկալմամբ, սփյուռքի վերածննդի, գոյատևման ու շարունակականության հիմնական հենարանն է։ Եթե Հայաստանը չլինի, սփյուռքը երկար կյանք չի ունենա։ Այդ միտքը նրա համար տեսություն չէ, այլ ապրած կյանքի հետևություն։

Նա նաև համոզված է, որ սփյուռքի ներուժը հաճախ լիարժեք չի ընկալվել ու չի օգտագործվել։ Տարբեր ժամանակների իշխանությունները երբեմն փորձել են սփյուռքին պարզապես օգտագործել՝ առանց հասկանալու նրա իրական ներուժն ու դերը։ Մինչդեռ կազմակերպված սփյուռքը շատ ավելի մեծ ուժ կարող է լինել, եթե նրան վերաբերվեն ոչ թե որպես գործիքի, այլ գործընկերության տրամաբանությամբ։

Բժիշկ Պողոս Յալիմի մասին խոսելիս՝ դժվար է տարանջատել մասնագիտությունը, ազգային ինքնությունը, հանրային աշխատանքը և մարդկային նկարագիրը։ Դրանք նրա կյանքում միմյանց լրացնող շերտեր են։ Նա այն մարդկանցից է, որոնց համար հայ լինելը երբեք ձևական բնութագիր չի եղել։ Այն եղել է գիտակցություն, դիմադրություն, կրթություն, կազմակերպում, օգնություն, ծառայություն և ժառանգություն։

Նրա անցած ճանապարհը ցույց է տալիս, որ ինքնությունը միայն հիշողություն չէ։ Այն գործ է, պարտավորություն, ամենօրյա ընտրություն։ Եվ հենց այդ ընտրության շնորհիվ Պողոս Յալիմը դարձավ ոչ միայն բժիշկ, այլ մի անուն, որը կապված է Բելգիայի հայ համայնքի ձևավորման, կրթության, համախմբման և ինքնության պահպանման պատմության հետ։

  • Կիսվել: