հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բայց ինչու՞ աթոռներ ջարդել

Բայց ինչու՞ աթոռներ ջարդել

Սեպտեմբերի 2-ին ընդառաջ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան գրառում էր արել եւ անոնսավորել առաջիկայում հանրային հեռուստատեսության ռուսերեն հաղորդումների ժամաքանակի ավելացում, դպրոցներում եւ բուհերում ռուսաց լեզվի ուսուցման խորացում, ցուցանակների, ուղեցույցների վրա ռուսատառ գրությունների պարտադիր առկայություն:

Նախագահի խոսնակը հիմնավորել էր, որ Արցախից ամենամեծ սփյուռքն Ռուսաստանում է, այդ մարդիկ ուզում են տեղեկացված լինել պատմական հայրենիքի անցուդարձից, կան հայրենադարձության ցանկություն ունեցողներ եւ այլն: Մի խոսքով, խնդիրը ներկայացրել էր զուտ հումանիտար, կրթա-մշակութային հարթությունում: Ճիշտ է, նաեւ ասել է, որ փակագծեր չի բացում, բայց Արցախում քննարկվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման համալիր ծրագիր: Երեւում է, ռուսաստանյան որոշ շրջանակներ արցախյան կողմի մտադրությունը կամ ճիշտ չեն հասկացել, կամ փորձում են ի սկզբանե աստիճանակարգություն մտցնել: Ընդ որում՝ բավական անհեռատես եւ վտանգավոր ակնարկներով: Թեմայի արծարծումներից մեկն ուղղակի սադրանքի տպավորություն է թողնում, երբ կացնային ոճով Արցախին կոչ է արվում հակադրվել Հայաստանի իշխանություններին, ընդունել Ռուսաստանի պրոտեկտորատը եւ ստանալ ,,մասնակի ճանաչում,,:

Ռուսաստանն, այո, Հարավային Կովկասում որոշիչ դերակատարություն ունի: Ինչպես ասում են՝ այո, Մակեդոնացին մեծ զորավար է, բայց ինչու՞ աթոռներ ջարդել: Ինչու՞ ամեն ինչ ներկայացնել այդքան ,,կացնատաշ,,: Ընդ որում՝ հայազգի հեղինակի ձեռքով: Մոսկվայում, երեւում է, կան շրջանակներ, որոնց թվում է, թե ,,ռուսական պրոտեկտորատի,, մասին լսելով՝ Արցախում բոլորը միանգամից թուլանում եւ հաճույք են զգում:

Քաղաքականության մեջ, ինչ խոսք, ոչինչ չի բացառվում, բայց այդքան մերկապարանոց եւ ճակատային ասվածից ավելի շատ այն տպավորությունն ես ստանում, որ խոսքն ընդամենը թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը հակակշռելու մասին է: Չափազանց պատասխանատու պահ է: Ռուսներն ասում են՝ а игра стоит свеч?:

  • Կիսվել: