կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բարելավվում են հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի և խմբի պետերի հրահանգչական կարողությունները

Բարելավվում են հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի և խմբի պետերի հրահանգչական կարողությունները

ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների վերապատրաստման 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն մարտի 11-ից 13-ը ՆԳՆ փրկարար ծառայության Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հերթափոխի և խմբի պետերը (14 փրկարարական ծառայող) «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ում, Արզնի ձորում և «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում մասնակցեցին Փրկարար ծառայության կողմից կազմակերպած «Անտառային և բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության ապահովում» թեմայով վերապատրաստման դասընթացին։


Դասընթացն անց է կացվել երկու փուլով․ տեսական և գործնական։ Դասընթացի տեսական փուլում փրկարարներն ուսումնասիրեցին «Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների իրավական ապահովումը, անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ընդհանուր նկարագիրը, դրանց առաջացման պատճառները, տարածման ու հրդեհային վտանգավորության գործոնները», «Անտառային և այլ բուսածածկ տարածքներում հրդեհային անվտանգությունը, ժամանակակից ռոբոտատեխնիկական համակարգերի կիրառումը անտառային և բուսածածկ տարածքների հրդեհների դեպքում», «Անտառային հրդեհների աշխարհագրական տեղեկատվական համակարգեր, անտառային հրդեհների հետախուզումը», «Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների մարման աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմաները։


Երկօրյա գործնական պարապմունքները միտված էին բարձրացնելու փրկարարների հրահանգչական կարողությունները, որպեսզի վերջիներս հետագայում կարողանան էլ ավելի արդյունավետ կազմակերպել պլանով նախատեսված ուսուցման մասնագիտական դասընթացները։


Գործնական դասընթացի շրջանակներում հրշեջ-փրկարարների կարողությունները ստուգելու և կատարելագործելու նպատակով իրական պայմաններում խաղարկվեց հրդեհի սպասարկման դեպք։ Ըստ սցենարի՝ կար հրդեհի չորս օջախ: Սահմանված ժամանակահատվածում իրականացվեց բացազատում:


Հրդեհաշիջումն իրականացվեց առկա բոլոր միջոցներով՝ մոտոպոմպով, մարտկոցային և ներքին այրման շարժիչով ջրային սրսկիչներով, հրշեջ-մեքենայի պոմպի և ջրի փափուկ բաքի օգտագործման միջոցով:


Վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներն ստացան հավաստագրեր։

  • Կիսվել: