ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Խաղաղ օվկիանոսում շուրջ 3000 ավտոմեքենա տեղափոխող նավ է այրվում

Խաղաղ օվկիանոսում շուրջ 3000 ավտոմեքենա տեղափոխող նավ է այրվում

Շուրջ 3000 ավտոմեքենա, այդ թվում՝ հարյուրավոր էլեկտրամոբիլներ են գտնվում Խաղաղ օվկիանոսում այրվող Morning Midas բեռնատար նավի վրա. կրակը դեռևս չի հաջողվել վերահսկողության տակ վերցնել, սակայն նավի վրա գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով նավը կառավարող Zodiac Maritime միջազգային ընկերությանը։

Ավելի վաղ ԱՄՆ առափնյա պահպանության Ալյասկայի ստորաբաժանումը հաղորդել էր, որ հրդեհը բռնկվել է Morning Midas բեռնատար նավի վրա, որը գտնվում էր Ալեուտյան կղզեխմբի մեջ մտնող Ադակ կղզուց մոտավորապես 555 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ պահին նավի վրա եղել է 22 մարդ, նրանց թվում տուժածների մասին չի հաղորդվում։

 Bloomberg-ը նշում է, որ նավը, որը Մեքսիկա էր տեղափոխում շուրջ 3000 ավտոմեքենա, լքվել է Խաղաղ օվկիանոսի մեջտեղում։

Ինչպես հաղորդել են Zodiac Maritime-ից, նավի վրա գտնվում է շուրջ 800 էլեկտրամոբիլ։ Ընկերությունը նաև հավելել է, որ անձնակազմն սկսել է մարել հրդեհը, սակայն նրանց չի հաջողվել այն վերահսկողության տակ վերցնել։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ առափնյա պահպանությունը տարհանել է անձնակազմի բոլոր 22 անդամին՝ նրանց տեղափոխելով հարևանությամբ գտնվող առևտրային նավ։

Բռնկման պատճառների մասին չի հաղորդվում։

Նավերը հսկող Marine Traffic հարթակի տվյալներով՝ Morning Midas բեռնատար նավն օգտագործվում է փոխադրամիջոցներ տեղափոխելու համար։ Լիբերիայի դրոշի ներքո այն մայիսի 26-ին դուրս է եկել Չինաստանի Շանդունի նահանգի Յանտայ քաղաքային շրջանից և, ըստ պլանի, պետք է Մեքսիկայի Լազարո Կարդենաս քաղաք ժամաներ հունիսի 15-ին։

 

  • Կիսվել: