ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրի հողամասը կամրացվի ԿԳՄՍՆ-ին

Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրի հողամասը կամրացվի ԿԳՄՍՆ-ին

Կառավարությունը Աշտարակ համայնքի Օրգով գյուղում գտնվող 4 հա մակերեսով հողամասը ամրացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

Կառավարության հունիսի 5-ի նիստի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ասաց, որ հողամասը պետությանն է վերադարձվել հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ ավելի քան երկու տասնամյակ առաջ տեղի ունեցած իրավական խախտումների գործով։  

«Հողամասը, որի շուկայական կադաստրային մոտարկված արժեքը կազմում է շուրջ 31,7 մլն դրամ, աճուրդի էր հանվել դեռ 2005 թվականին։ Աճուրդը հետագայում ճանաչվել է անվավեր, և դատախազության հայցի հիման վրա՝ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հունվարի 13-ին կայացրած վճռով այն վերադարձրել է պետությանը»,- ասաց Խուդաթյանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդգծեց՝ համայնքային շահերի պաշտպանության շրջանակում դատախազությունն ապացուցել է, որ նախկին համայնքապետը հողատարածքը տրամադրել էր իր որդուն, և վերջինս տարիներ շարունակ այն չի օգտագործել ըստ նպատակի։ 

«Սա հատուկ պահպանվող տարածք է, նպատակային նշանակության հողատարածք է, այդ պատճառով ամրացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը»,- ասաց Վարդապետյանը։

 

  • Կիսվել: