չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի աշակերտները և ուսուցիչները

«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի աշակերտները և ուսուցիչները

Ազգային ժողով արդեն տևական ժամանակ չէին այցելել դպրոցականներ: Սկզբում համավարակի, հետո՝ պատերազմի պատճառով:

Մարտի 23-ին երկարատև դադարից հետո ԱԺ-ն կրկին բացեց դռները: «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելեցին Վաղարշ Վաղարշյանի անվան թիվ 80 դպրոցի աշակերտները և ուսուցիչները:

Հյուրերի հետ հանդիպեց խորհրդարանի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նա ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքը, օրենքների նախագծերի մշակման, քննարկման և ընդունման ընթացակարգերը. «Թե՛ աշակերտները, թե՛ ուսանողները հնարավորություն ունեն անկաշկանդ շփվելու պատգամավորների հետ, իրենց հարցերը բարձրաձայնելու և մտքեր փոխանակելու»:

Դպրոցականների հարցերը հիմնականում վերաբերում էին Արցախի անկախությանը, երկրի անվտանգությանը: Նրանց նաև հետաքրքրքում էր Ազգային ժողովի պատմությունը, շենքի ճարտարապետությունը:

Հյուրերն այցելեցին ԱԺ գրադարան և թանգարան, այնուհետև ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևեցին խորհրդարանի աշխատանքներին, լուսանկարվեցին նիստերի դահլիճում:

Վահե Էնֆիաջյանը երեխաներին հորդորեց մասնագիտություն ընտրելիս երկար մտածել: Ընտրել այնպիսի ուղղություն, որն իր նպաստը կբերի երկրի զարգացմանը: Ի դեպ, ուսանողների հետ հանդիպումների արդյունքում օրինագծեր են մշակվել և կյանքի կոչվել:

 

  • Կիսվել: