ԱԺ պատգամավորներն ադրբեջանցի երգչի քսենոֆոբ պահվածքի առնչությամբ նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները նամակ կհղեն Գերմանիայի Բունդեսթագ՝ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը Դրեզդենում ադրբեջանցի երգչի քսենոֆոբիկ պահանջով կասեցնելու առնչությամբ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանը:
«Semper Opernball փառատոնը կասեցրել է երգչուհի Ռուզան Մանթաշյանի ելույթը՝ ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի պահանջով, որը երգչուհի Աննա Նետրեպկոյի ամուսինն է, Ռուզան Մանթաշյանի հայազգի լինելու պատճառով: Մենք՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, պատրաստել ենք մի նամակ, որը կուզենայինք, որ հնարավորինս շատ պատգամավորներ ստորագրեին: Նամակն ուղղված է Բունդեսթագին, որպեսզի նրանց ուշադրությունը հրավիրենք Դրեզդենում կատարվող քսենոֆոբիկ դրսևորումների վրա»,- ասաց Մանուկյանը:
Հունվարի 13-ին համացանցում լուրեր էին տարածվել այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, «քաղաքական նկատառումներից ելնելով», հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ: Երկու արտիստները պետք է միասին հանդես գային փետրվարի 7-ին Semper Opernball-ին: