Հայաստանի ընտրանին ամուր և անհարմար մրցակից է․ Չեռնոգորիայի ընտրանու գլխավոր մարզիչ
Չեռնոգորիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին մամուլի ասուլիսում խոսել է Հայաստանի դեմ այսօր՝ հունիսի 9-ին Նիկշիչում կայանալիք ընկերական հանդիպման մասին։
«Հայաստանի հավաքականում արդեն վաղուց չի խաղում նրանց առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, սակայն նրանք, միևնույն է, ամուր և անհարմար մրցակից են, որը խաղում է 4-1-4-1 մարտավարությամբ։ Ուրախ եմ, որ թիմում նորեկներ կան։ Կփորձենք նոր ֆուտբոլիստների, հնարավորություն կտանք նաև նրանց, ովքեր քիչ են խաղացել։ Հույս ունեմ՝ կունենանք հետաքրքիր և որակյալ խաղ»,- ասել է Պրոսինեչկին։
Նա անդրադարձել է նաև Չեխիայի Պլզեն քաղաքում կրած պարտությանը։ «Առաջին խաղակեսը լավ էր, բայց երկրորդում ամբողջովին փլվեցինք։ Չկարողացանք վերահսկել խաղը, վտանգավոր գրոհներ չստեղծեցինք, չպահպանեցինք գնդակը և չօգտագործեցինք առկա տարածքները։ Սա անհանգստացնող է։ Ակնկալում էինք ավելի լավ խաղ ցուցադրել», – նշել է մարզիչը։
Պրոսինեցկին ընդգծել է, որ Հայաստանի դեմ խաղը կարևոր է թիմի մթնոլորտի համար։ «Հուսով եմ՝ կցուցադրենք որակյալ խաղ և լավ արդյունք կունենանք։ Այնուհետև կվերլուծենք հունիսի ելույթները և կպատրաստվենք սեպտեմբերի խաղերին»,- եզրափակել է նա։