ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ազատ գյուղում մահացած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ ժամանակ են տվել կառավարությանը

Ազատ գյուղում մահացած զինծառայողների ծնողները մեկ շաբաթ ժամանակ են տվել կառավարությանը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանի հրդեհի զոհ դարձած զինծառայողների ծնողներն ու հարազատները մեկ շաբաթ ժամանակ են տվել կառավարությանը, որպեսզի հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։
 
Նրանք այդ մասին հայտնեցին կառավարության շենքից դուրս գալուց հետո` նշելով, որ եթե մեկ շաբաթում հանդիպում չկազմակերպվի, իրենք կդիմեն այլ գործողությունների։
 
Զինծառայողների ծնողները վաղ առավոտյան նախ հավաքվել էին պաշտպանության նախարարության, ապա կառավարության շենքի դիմաց։ Հետո նրանք մտել էին գործադիր մարմնի շենք։
 
Թե ում հետ են ներսում հանդիպել, դժվարացան պատասխանել, բայց խոսք են տվել կարճ ժամանակում հանդիպում կազմակերպել Փաշինյանի ու Պապիկյանի հետ։
 
«Մի ամիս անցել է, ոչ մի նորմալ հետաքննություն չկա։ Գոնե գային, մեզ հետ խոսեին մարդավարի, բացատրեին` ինչը ինչ է, մենք այսքան չէինք բորբոքվի ու այստեղ չէինք գա»,– ասաց զոհված զինծառայողների հարազատներից մեկը։
Նրանք պնդում են, որ հարցաքննված զինծառայողների ցուցմունքները չեն համընկնում, հենց դրա համար էլ կարծում են, որ վարույթ իրականացնող մարմինն ինչ–որ բան թաքցնում է։
Բացի այդ, կասկածներ ունեն նաև զինվորների զոհվելուց անմիջապես հետո արված ԴՆԹ հետազոտությունների ճշգրտության վերաբերյալ։
 
«Ինչպե՞ս կարող էին այդքան կարճ ժամանակում որոշել, թե ով ում երեխան է։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք արտաշիրիմում անել ու արտերկրում կրկին ԴՆԹ հետազոտություն անել», - ասաց զինվորներից մեկի պապը։
 

  • Կիսվել: