կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ»․ Ազատ գյուղի գործով տուժողների փաստաբան

«Ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ»․ Ազատ գյուղի գործով տուժողների փաստաբան

Սևանի դատարանում այսօր ընթանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողի գործով դատական նիստը։

Տուժողների փաստաբան Նորայր Նորիկյանը դատարանում հայտարարեց, որ գործով ամբաստանյալ Մառլեն Սարգսյանն իրեն գործի առնչությամբ որոշակի ուշագրավ տեղեկություններ է հաղորդել։

«Եթե հիմնավորվեն Մառլեն Սարգսյանի կողմից ինձ հայտնված տեղեկությունները, ձեր սեղանի առջև դրված այդ 22 հատորանոց քրեական գործը պետք է պատռել և նետել աղբանոցը, որովհետև այն տեղեկությունները, որոնք ինձ հայտնվել են, իսկապես կարող են շրջադարձային և բեկումնային փոխել քրեական գործի ընթացքը»,- նշեց Նորիկյանը։

Նրա խոսքով՝ զոհվածների ծնողների մոտ կա խորը անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ․ «Հայտնվել ենք մի իրավիճակում, որ ստացված տեղեկությունը համապատասխան վարույթային և ապացուցողական գործողություններ իրականացնելու համար, համապատասխան ընթացակարգեր իրականացնելու հետ կապված լուրջ մտավախություն ունեն ծնողները»։

Նորիկյանն ընդգծեց, որ իրենք մարտավարական տեսակետից առայժմ չեն հրապարակելու տեղեկությունները։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

  • Կիսվել: