Այսօր ինքնահրկիզման փորձ կատարած անձը 4 երեխայի հայր է, արարքի պատճառը հայտնի չէ
Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր ինքնահրկիզման փորձ ձեռնարկած քաղաքացին բազմազավակ ընտանիքի հայր է, ունի չորս երեխա։ Այս մասին այսօր Infoport.am-ին տեղեկացրեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նա նշեց, որ իրենք չգիտեն, թե քաղաքացին այսօր ինչ խնդրով է գնացել քաղաքապետարան, բայց նրան ճանաչում են քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունում։
Կարապետյանն ասաց, որ քաղաքացուն օգնություն է տրամադրվել քաղաքապետարանի կողմից։ Շենգավիթում տրամադրվել է բնակտարածք, հողամաս, իսկ թե ինչն է այդպիսի ծայրահեղ քայլի պատճառը, ըստ նրա, պիտի պարզեն իրավապահները:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է ձեռնարկել Երեւանի քաղաքապետարանի առջեւ, սակայն տեղում հերթապահություն իրականացրած ոստիկանները կանխել են ողբերգական զարգացումը։ Ոստիկաններից մեկն էլ ասել է, որ տղամարդուն հաճախ են տեսել քաղաքապետարանում։ Ի դեպ նա մենակ չէր գնացել քաղաքապետարան, այլ իր 3 անչափահաս երեխաների հետ։ Ոստիկանները նրան տեղափոխել են Երեւանի ոստիկանության կենտրոնի բաժին։ Ավելի ուշ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ քաղաքացուն տեղափոխել են բուժհաստատություն։


