երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները միայն մեկ քննություն կհանձնեն

Այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները միայն մեկ քննություն կհանձնեն

Դիմորդները սույն թվական մայիսի 25-ից մինչև սույն թվականի հունիսի 15-ը հնարավարություն կունենան հայտագրվելու և միաժամանակ ընտրելու թե քննական առարկան, թե բուհն ու մասնագիտությունը: Այս մասին ուղիղ եթերում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: 

Նախարարի խոսքով՝ ըստ ընթացակարգի միասնական քննությունների համար նախնական հայտերը դիմորդները լրացրել են մինչև մարտի 15-ը, սակայն, քանի որ ընթացակարգի փոփոխություն է տեղի ունենում, ապա անհրաժեշտ է հայտերի ճշգրտման և փոփոխության ժամանակ տալ թե արդեն հայտագրվածներին և թե նաև նախորդ տարիների շրջանավարտներին, այն դիմորդներին, որոնք նպատակադրվել էին դիմել այլ բուհեր, որոնց քննությունները անորոշ ժամանակով հետաձգվել են: 

«Առաջարկվում է միավորել ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը բուհեր դիմելու հայտադիմում լրացնելու գործընթացի հետ՝ ունենալով մեկ միասնական պրոցես։ Մինչև մարտի 15-ը քննությունների համար վճարված գումարները դիմորդներին կվերադարձվեն փոխանցման միջոցով: Այսինքն մի քննություն են հանձնելու: Մենք առաջարկները ստացել ենք բուհերից, բայց դրանք քննարկելու ենք, դրանք վերջնական չեն և մինչև ամսի 30-ը կասենք, թե որ մասնագիտությունից որն է լինելու այդ միակ և հիմնական քննության առարկան»: 

Ըստ նախարարի՝ քննական կենտորնները լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ, և ամբողջ հանրապետությունով մեկ իրենք իրականացնելու են ոչ զանգվածային կուտակումներով, այսինքն սահմանափակ թվով դիմորդներ կլինեն մեկ կենտրոնում: Դիմորդները քննությունները հանձնելու են հուլիսի սկզբին՝ առաջին տաս օրերի ընթացքում, իսկ քննությունը լինելու է պարտադիր այն առարկաներից մեկից, որոնք պետք է դիմորդները տային:

Նախարարը նշեց նաեւ, որ միասնական բանավոր քննություններ այս տարի չեն անցկացվելու, իսկ արվեստի ու սպորտի մասնագիտացված բուհերում ևս մեկ հիմնական մասնագիտացված քննություն կանցկացվի՝ ընտրված առարկայից: Հայտերի ընդունումը լինելու է էլեկտրոնային եղանակով:

  • Կիսվել: