ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այգում 8 աշխատակիցներից 6-ը կանայք էին. մանրամասներ՝ Բերդաշենում հակառակորդի կողմից  քաղաքացիներին թիրախավորելու մասին

Այգում 8 աշխատակիցներից 6-ը կանայք էին. մանրամասներ՝ Բերդաշենում հակառակորդի կողմից քաղաքացիներին թիրախավորելու մասին

Ադրբեջանական զինված ուժերի կողմից այսօր՝ մարտի 30-ի առավոտյան, Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի այգիներում աշխատող 8 խաղաղ բնակչի է թիրախավորել:  Բնակիչներից Սենորիկ Ալավերդյանը հայտնել է, որ ինքը մյուս աշխատողներից ավելի հեռու է եղել, երբ սկսվել են կրակոցները:

«Խաղողի այգում մենք 8 հոգով էինք աշխատում: Մյուս 7 աշխատողները, որոնցից 6-ը կանայք էին, մի փոքր ավելի հեռու էին ինձնից աշխատում: Կանանց էդ ժամանակ տուն տարանք ու դադարեցրինք աշխատանքները»,- պատմեց բնակիչը:

Բնակիչը պատմեց, որ վերջին օրերին ավելի հաճախ են հնչում կրակոցները. «Մի քանի օր առաջ էլ էին կրակել»:

Ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ ադրբեջանական կողմը մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը եւ Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։ Նրանք հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետեւանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Նշենք, որ նույն օրը` ժամը 10:40-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի բնակիչներ՝ Արթուր Ֆիրյանը, Արարատ եւ Շուրա Ալլավերդյանները, Օլեգ Հարությունյանը, Արսեն Խաչատրյանը եւ Նովիկ Գաբրիելյանը` գյուղի վարչական տարածքի «Կնյազանց կալ» կոչվող տեղամասի ցորենի դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել իրենց ուղղությամբ, ինչի հետեւանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

  • Կիսվել: