Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ «Nissan Rogue»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia Forte»-ին․ կան վիրավորներ
Հոկտեմբերի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Այգավան գյուղի կենտրոնական փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Ա․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Rogue»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ 58-ամյա Դավիթ Մ․-ի վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Համբարձում Տեր-Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Ադամյանը և Աշոտ Ղազարյանը։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Դավիթ Բաղդասարյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Hyundai Elantra»-ի վարորդի և վիրավորների ինքնությունը։



