«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է նոր փուլի մեկնարկը. ընդունվում են նախագծերի հայտեր
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ֆինանսական աջակցությամբ, 2020թ․հոկտեմբերից սկսած, «Ավրորան՝ Արցախին» ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ իրականացվել է 80 ծրագիր, որոնց մեծ մասն ավարտված է, իսկ մի մասն ընթացքում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը և նշել, որ այդ ծրագրերն իրականացվում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային 55 կազմակերպությունների հետ: Մեր զրուցակցի խոսքով՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է նոր փուլի մեկնարկը և ընդունում է նախագծերի հայտեր:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավարի հավաստմամբ՝ «Ավրորա»-ն աշխատում է թափանցիկ ու գործընկերների հետ մշտական կապի մեջ է, իսկ նոր փուլում փորձելու են ընդլայնել իրենց գործընկերության շրջանակը: «Նոր փուլը «Ավրորա»-ն ազդարարում է Արցախում բացելով իր գրասենյակը, ինչը նշանակում է, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հաստատակամ է՝ շարունակելու Արցախին աջակցելու ծրագրերը և օգտագործելու է իր հնարավորություններն այդ օգնությունը ավելի ընդգրկուն և ազդեցիկ դարձնելու համար», - հավելեց Ն. Աղաբալյանը:




