հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Աշխատանքներ են տարվում, որ սահմանը հատած մեր հայրենակիցների համար չվերթներ կազմակերպվեն․ Թովմասյան

Աշխատանքներ են տարվում, որ սահմանը հատած մեր հայրենակիցների համար չվերթներ կազմակերպվեն․ Թովմասյան

Ուկրաինայում ապրող հայերի խնդիրների առնչությամբ կապ եմ հաստատել Ուկրաինայի հայերի միության փոխնախագահի և Կիևի հայ համայնքի ղեկավարի հետ. Արտահայտել եմ իմ պատրաստակամությունը հնարավոր բոլոր միջոցներով օժանդակելու մեր հայրենակիցներին, ովքեր ունեն անվտանգային խնդիրներ, պատսպարված են բունկերներում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրավասու օղակներից տեղեկացա, որ մեր հայրենակիցներից նրանց, ում հաջողվել է լքել երկիրը, տեղի համայնքներում դիմավորում են, ընդունում։ Այս պահին աշխատանքներ են տարվում, որ սահմանը հատած մեր հայրենակիցների համար չվերթներ կազմակերպվեն դեպի Հայաստան։ Հրատապ այս խնդիրն իմ ուշադրության կենտրոնում է, և շարունակ կապ եմ պահում իրավասու բոլոր օղակների հետ և ըստ անհրաժեշտության իրականացվում են համապատասխան քայլեր։

Սիրելի՛ հայրենակիցներ, որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ 24/7 ռեժիմով պատրաստ եմ ընդունել ձեր կողմից՝ պատերազմական իրավիճակով պայմանավորված ցանկացած դիմում և անել հնարավոր ամեն ինչ՝ դրանք լուծելու համար։

Կարող եք դիմել մեզ՝ գրելով իմ սոցիալական էջերին կամ զանգահարել հանձնաժողովի հեռախոսահամարներին ՝ 011513230, 041888482»:

  • Կիսվել: