Աշխատանքային քննարկում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում
Վերականգնողական և հարբժշկական մասնագետները գործունեության ընթացքում բախվում են մի շարք իրավական և կրթական խոչընդոտների։ Մասնավորապես, հստակեցված չեն նրանց մասնագիտական կարգավիճակի, լիցենզավորման, շարունակական կրթության և առողջապահական համակարգում ներգրավվածության մեխանիզմները։ Այս մասին բարձրաձայնել են ոլորտի մասնագետներն Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին հրավիրված աշխատանքային քննարկման ընթացքում։
Ներկաները նշել են, որ ոլորտում խնդիրները համակարգային են և պահանջում են ինչպես օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ միջգերատեսչական համագործակցություն։
Ըստ ներկայացված տվյալների՝ Հայաստանի բնակչության շուրջ 38 տոկոսը՝ մոտ 1 միլիոն 141 հազար 289 մարդ, վերականգնողական ծառայությունների կարիք ունի։
Քննարկմանը մասնակցել ու միջազգային փորձի վրա հիմնված իր մոտեցումներն է ներկայացրել Մալթայի պատգամավոր Նորմա Կամիլերին։ Նրա խոսքով Մալթայում ևս ոլորտն ամբողջությամբ կարգավորված չէ։ Պատգամավորն ընդգծել է բնագավառի մասնագետների համար պարբերաբար վերապատրաստումների ու շարունակական կրթական ծրագրերի իրականացման կարևորությունը։
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, հանձնաժողովի անդամներ Նելլի Բավեյանը և Լուսինե Ավետիսյանը կարևորել են առողջապահական համակարգում ոլորտի մասնագետների լիարժեք ներգրավվածության ու քաղաքացիներին մատուցվող որակյալ ծառայությունների ապահովումը։
Ամփոփելով քննարկումը՝ Լուսինե Բադալյանը մասնագետների հետ շարունակական համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ վստահեցնելով, որ բարձրացված խնդիրները կլինեն հանձնաժողովի ուշադրության կենտրոնում։


