շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արծվանիստ գյուղը հրաժեշտ տվեց իր հերոսացած զավակ Մխիթար Լյովայի Ավագյանին

Արծվանիստ գյուղը հրաժեշտ տվեց իր հերոսացած զավակ Մխիթար Լյովայի Ավագյանին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ  գյուղը Ադրբեջանի զինուժի կողմից  Հայաստանի Հանրապետության դեմ ձեռնարկած ագրեսիայի արդյունքում եւս մեկ թանկ կորուստ ունեցավ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արծվանիստի միջնակարգ դպրոցի տնօրեն Թոռնիկ Սահակյանը, 2022 թվականի Սեպտեմբերի  լույս 13-ի  գիշերը   Ջերմուկի  դիրքերում   մարտական   առաջադրանքը   կատարելիս   զոհվել է Հայոց բանակի   պայմանագրային   զինծառայող   Մխիթար   Լյովայի  Ավագյանը: Իսկ օրեր առաջ հայրենի Արծվանիստ գյուղում հուղարկավորվել էր Հայոց բանակի սպա Արմեն Կարապետյանը։

«36-ամյա  Մխիթար Ավագյանի  հայրենասիրությունն  արյան  հետ  է  փոխանցվել:  Ավագյանների  ընտանիքն   այն   եզակի   ընտանիքներից   է,  որի  եւ՛  հայրը,  եւ՛  որդիները  անմնացորդ   նվիրվել  են  Հայոց  բանակին   ու  հայրենիքի  պաշտպանությանը:

Մխիթարի  հայրը՝  Լյովա  (մականունը՝  Զարզանդ. նրան  բոլորն   այդպես  են  ճանաչում)  Մխիթարի  Ավագյանը,   նախ  ծառայել   է  ԽՍՀՄ    զինված   ուժերում,  այնուհետ  1992-2016 թվականներին՝  ՀՀ  զինված  ուժերում:  Արցախյան   ազատամարտի   քաջամարտիկներից   է:  Պատմում  են,  որ   թշնամին   հենց  լսում  էր   Զարզանդի  անունը,  սարսափի  էր  մատնվում,  եւ   նրա համար   նույնիսկ  գլխագին  է  սահմանվել:  Այժմ  Զարզանդը  զինվորական  պահեստազորի  սպա  է:  Պարգեւատրվել  է  տասնյակ  շքանշաններով   ու  պատվոգրերով:   

Մխիթարի  ավագ  եղբայրը՝  Անդրանիկ  Ավագյանն էլ  պայմանագրային  զինծառայող  է: Մասնակցել  է  Արցախյան քառօրյա  եւ  44-օրյա  պատերազմներին:

Զարզանդ  Ավագյանը , թեև  ծնվել,  ապրել  ու  մեծացել  է  Արծվանիստում,  բայց   ընտանիքն   ապրում   էր   Վարդենիսի  Գեղամաբակ   գյուղում:   Մտերիմները  պատմում  են,  որ  Մխիթարը  11-12- ամյա  երեխա  էր,  որ  փախչում  էր  տնից  ու  միանում   դիրքերում  ծառայությունն   անցկացնող   հորը:  Դեռ  փոքրուց  զենքին   շատ  լավ  տիրապետող  եւ  հորն  ու  ընկերներին  օրինակ  ունենալով՝  Մխիթարը  մասնակցել  է  եւ՛  քառօրյա,  եւ՛  44-օրյա  պատերազմներին:  Աչքի  է  ընկել  կարգապահական  բարձր   ցուցանիշներով,  բարեխիղճ   ծառայությամբ  ու   քաջությամբ: Պարգեւատրվել  է  բազմաթիվ  պատվոգրերով  ու  մեդալներով:  Ունի  ՀՀ  զինված  ուժերի   կարգային  մասնագետի   3-րդ  աստիճանի  որակական  կարգ:

Անդրանիկ,  Մխիթար...  Հայրն  այս  անուններով  անվանակոչելով  որդիներին՝  կարծես  ի  սկզբանե  որոշել  է  նրանց   առաքելությունը:  Իսկ  առաքելությունը   իրենց  հայրենիքի,  հող  ու  ջրի  համար  պայքարելն  է,  կռվելն  է  հանուն  ազատության:

 

Մխիթարն  ամուսնացած էր:  Ունի  երկու  զավակ:  Ընտանիքն   ապրում  է  Արծվանիստում:  Անվախ  արծվին  սիրում  են  բոլորը:  Նրա՝  բոլորին  օգնելու  պատրաստակամությունը,  բարությունը,  ուշադրությունն  ու  կամեցողությունը   գնահատում   են  նրան   ճանաչողները,   եւ   այսօր   մեծ   ցավ ու ափսոսանք են ապրում։ Բայց նա հավերժ կմնա մեր գյուղի փառքի պատմության էջերում, նրա կերպարով կոգեշնչվեն սերունդները»,-ներկայացրեց Թոռնիկ Սահակյանը: 

  • Կիսվել: