«ԱՐԹՄԵԴ»-ից 68-ամյա բուժառուն դուրս է գրվել լավացումով՝ հետվիրահատական բուժումը ամբողջությամբ ստանալուց հետո. բժշկական կենտրոնից այլ բժշկական կենտրոն տեղափոխում չի եղել. Պարզաբանում
«ԱՐԹՄԵԴ ԲՎԿ»-ից արձագանքել են լուրին, թե բժշկական կենտրոնում վիրահատության ժամանակ բժշկական տաքացնող սարքը բժիշկը դրել է 68-ամյա կնոջ վրա, ու կինն այրվածքներ է ստացել։
«Նախօրեին Shamshyan.com լրատվական կայքում հրապարակվել է «Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Արթմեդ» բժշկական կենտրոնում վիրահատության ժամանակ բժշկական տաքացնող սարքը բժիշկը դրել է 68-ամյա կնոջ վրա, ինչի հետևանքով վերջինը այրվածքներով տեղափոխվել է այլ հիվանդանոց» վերտառությամբ հրապարակում:
Արթմեդ ԲՎԿ-ից հայտնում են, որ 68 տարեկան բուժառուն ընդունվել է բժշկական կենտրոն՝ կոնստրուկցիաների հեռացման նպատակով, որոնք բուժառուի մարմնում տեղադրվել են շատ ավելի վաղ և այլ բժշկական կենտրոնում:
Փետրվարի 7-ին տեղի է ունեցել կոնստրուկցիաների հեռացումը և հետվիրահատական շրջանը անցել է հարթ՝ հետվիրահատական շրջանին բնորոշ բժշկական բոլոր ցուցումներին համապատասխան: Երեք օր ստանալով հետվիրահատական ստացիոնար, վերականգնողական բուժում ԲՎԿ-ի պրոֆեսիոնանալ բուժանձնակազմի կողմից, բուժառուն դուրս է գրվել հիվանդանոցից լավացումով արդեն ամբուլատոր հսկողության ցուցումով։
Նշենք, որ վիրահատության ընթացքում վիրահատող բժշկի կողմից օգտագործվում է էլեկտրական դանակ, որի վրա տեղադրվում է պասիվ էլեկտրոդ, ինչի կիրառման ընթացքում՝ յուղոտ կամ մազակալված մաշկի առկայության դեպքում կարող է առաջանալ նման այրվածք:
ԱՐԹՄԵԴ ԲՎԿ-ում բոլոր վիրահատություններից առաջ բուժանձնակազմի կողմից վիրահատարանի էլեկտրական գործիքները նախապես փորձարկվում են, բերվում են աշխատանքային վիճակի և դրանից հետո բուժառուին միայն տեղափոխում վիրահատարան: Այս դեպքը բացառություն չէ:
Հերթական այցի ժամանակ բուժառուն գանգատվել է սրունքի վերին երրորդական շրջանի ցավերից։ Զննման ժամանակ բուժող բժշկի կողմից նկատվել է ստորին վերջույթի շրջանում այրվածք, որի պատճառները բժշկին հայտնի չեն եղել: Չի արձանագրվել ինչպես նախավիրահատական, այնպես էլ հետվիրահատական փուլերում:
Այնուամենայնիվ, «ԱՐԹՄԵԴ»-ում իրականացվել է համապատասխան բուժօգնություն: Հետագա այցերի ժամանակ ի թիվս հիմնական ամբուլատոր բուժումների՝ կատարվել է այրվածքի վիրակապում և այլ բուժումներ։
Այլ բժշկական կենտրոն բուժառուն դիմել է դուրսգրումից մոտ 20 օր հետո:
Մենք կոչ ենք անում հանրությանը միակողմանի կերպով չընկալել լրատվական կայքում տեղ գտած հրապարակումը, քանի որ նման միակողմանի հրապարակումները վնասում են «ԱՐԹՄԵԴ ԲՎԿ»-ի և բուժող բժիշկների բարի համբավը», - ասվում է հաղորդագրությունում։