Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Բուրաստան գյուղում բախվել են Մասիս-Արտաշատ երթուղու մարդատար գնացքն ու «Mitsubishi Outlander»-ը
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Բուրաստան գյուղում բախվել են Մասիսից Արտաշատ գնացող մարդատար գնացքն ու «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման պահին գնացքում ուղևորներ եղել են, բայց բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Կոծինյանի և դասակի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Մարտին Սրապյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Գալստյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտավազդ Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են գնացքավարի և ավտոմեքենայի վարորդի ինքնությունը։