հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առողջապահության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին` ի դեմս ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի:

Քննարկվել են Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները:

Խոսելով ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման մասին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է ՀՀ ազգային օրենսդրության՝ մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համապատասխանեցնելու ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքը, ինչը վկայում է առողջապահության ոլորտում մարդու իրավունքները պաշտպանելու հանձնառության մասին:

Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը նշել է, որ առողջապահության ոլորտում գնահատելի է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության դինամիկան և Հայաստանի փորձառությունը ԵԽ անդամ երկրների համար:

Անդրադարձ է եղել հոգեկան առողջության պահպանմանը, ինչպես նաև քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Քննարկվել են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները:

  • Կիսվել: