հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Արմենակ Ուրֆանյանն ինձ համար հայրենապաշտության չափանիշ է, և որոշեցի նրա մասին գիրք գրել. Վովա Արզումանյան

Արմենակ Ուրֆանյանն ինձ համար հայրենապաշտության չափանիշ է, և որոշեցի նրա մասին գիրք գրել. Վովա Արզումանյան

Ապրիլյան պատերազմի ժամանակ երբ Արմենակ Ուրֆանյանը զոհվեց, նա ինձ համար դարձավ հայրենապաշտության չափանիշ, այդ պատճառով էլ որոշեցի նրա մասին գիրք գրել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանին նվիրված «Բանակի տղան» գրքի հեղինակ, «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանը:

Նրա խոսքով, ի սկզբանե որոշել էր հերոսի մասին գրել պատմվածքներ՝ համեմված արցախյան կոլորիտով, որտեղ կպատմի հերոսի ու հերոսական Արցախի մասին։

«Գիրքը վերնագրեցի «Բանակի տղա», որովհետև մի անգամ մոր հետ խոսելիս Ուրֆանյանն ասել է՝ «Մա՛մ, ես արդեն քո տղան չեմ, ես բանակի տղան եմ»: Գիրքն ամբողջացնում է հերոս Արմենակ Ուրֆանյանի կերպարը»,- ասաց նա։

Վովա Արզումանյանը նշեց, որ  գիրքը լույս է տեսել Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ, երբ արդեն ԱՀ նախագահի հրամանագրով Ուրֆանյանն արժանացավ Արցախի հերոսի կոչման։

Գրողի խոսքով, Ուրֆանյանի ամեն նկարին նայելու ժամանակ նրա հետ երկխոսության մեջ էր մտնում, և հերոսն ասես ուղեկցում էր իրեն։

«Քանի որ «Վարդանանք» թերթի գլխավոր խմբագիրն եմ, իմ այցելություները դիրքեր հաճախ են լինում, մեր զինվորների հետ հաճախ եմ զրույցներ ունենում, ամեն զինվորի պատկերացնում էի հերոս։ Արմենակի մասին գրքում Արցախյան կոլորիտով պատվածքներ տեղ գտան, ինչպես նաև իմ լրագրողական գործունեության ընթացքում հարցազրույցները նրա հրամանատարների հետ»,- ընդգծեց Վովա Արզումանյանը։

Բացի այդ, ըստ նրա, հարցազրույցներ արվել են նաև Ուրֆանյանի մարտական ընկերների  հետ։ Գրքում տեղ են գտել նաև Արմենակի մոր հուշերը որդու մասին։

Վովա Արզումանյանը հայտնեց, որ գիրքն այս պահին տպագրվել է 250 օրինակով, այն վաճառքում չի լինի, այլ կբաժանվի Արցախի և Հայաստանի տարբեր զորամասերի ու դպրոցներին:

Գրքի հեղինակը խոստացավ, որ մինչև հունվարի 28-ը՝ Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրը, նոր օրինակներ կտպագրվեն։

2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտում ծավալված մարտական գործողությունների ժամանակ կապիտան Ուրֆանյանն իր անձնակազմի հետ միասին հերոսաբար պայքարել է հակառակորդի անհավասար ուժերի դեմ՝ ոգեւորելով զինվորներին, կյանքի գնով պաշտպանելով դիրքը: Ոչնչացրել է թշնամու մեկ ինժեներա-հետախուզական զրահատեխնիկա և բազմաթիվ գրոհայինների:  Զոհվել է տանկի արկակոծումից:

Արմենակ Ուրֆանյանի հետ միասին դիրքը կյանքի գնով պաշտպանեցին հերոսներ Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը և Անդրանիկ Զոհրաբյանը:

  • Կիսվել: